Մատչելիության հղումներ

Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի գնահատմամբ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ համաներման կիրառումը վկայում է վերաքննիչ դատարանի կողմից «արդարադատության» իրականացման մասին։ Ընդդիմության ներկայացուցիչները, սակայն, վերաքննիչ դատաքննությունը «արդարադատության ֆարս» են համարում։

«Պարզ դարձավ, որ այնտեղ հենց արդարադատությունը աշխատեց, որովհետեւ համաներումը կիրառվելու է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, կիսվելու է իր պատժաժամկետը, իսկ դրանից հետո, եթե Նիկոլ Փաշինյանը դիմի ներման դիմումով, գուցե, ընդհանրապես բաց թողնեն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեքշաբթի օրը ասաց Զոհրաբյանը՝ հավելելով. - «Դա արդեն Նիկոլ Փաշինյանի խնդիրն է»։

Հայաստան -- Նիկոլ Փաշինյանը ցուցմունք է տալիս դատարանում, Երեւան, 4-ը մարտի, 2010թ.
Վերաքննիչ դատարանում Նիկոլ Փաշինյանի պաշտպանների եւ մեղադրող կողմերը վիճարկում էին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի հունվարի 19-ի վճիռը, որով Փաշինյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։

Վերաքննիչը երեքշաբթի օրը որոշեց մերժել բողոքները, սակայն համաներում կիրառեց «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագրի նկատմամբ եւ կիսով չափ կրճատել պատժի չկրած մասը: Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանը անազատության մեջ կմնա եւս 3 տարի եւ մոտ 2 ամիս:

Գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ներկայումս ընդդիմադիր Գագիկ Ջհանգիրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ե՛ւ առաջին ատյանի դատարանի, ե՛ւ վերաքննիչի վճիռները որակեց «անհիմն ու անհեթեթ», իսկ դատաքննությունը՝ «արդարադատության ֆարս»։

«Կեղծ հարցադրում մտցվեց այս ամբողջ վերաքննիչ դատաքննության մեջ, որովհետեւ խնդիրը ոչ թե այն էր, թե Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետք է կիրառվեր համաներումը, թե ոչ, այլ խնդիրն այն էր՝ Նիկոլ Փաշինյանը պետք է արդարացվեր, թե ոչ», - մեկնաբանեց գլխավոր դատախազի նախկին տեղակալը՝ հավելելով. - «Եվ այս կեղծ, իմիտացիոն պրոցեսի շնորհիվ, ես կարծում եմ, որ սցենարի հեղինակները հարցը մի քիչ տեղափոխեցին այլ դաշտ, տարբեր կառույցների՝ արդարադատության նախարարությանը, Մարդու իրավունքների պաշտպանին, գլխավոր դատախազին... կեղծ քննարկումներ սարքեցին այդ կառույցների միջոցով՝ արդյո՞ք պետք է համաներման ակտը կիրառվեր, թե ոչ»։

Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյան
Ջհանգիրյանը համարում է, որ իրականում վերաքննիչ դատաքննության խնդիրն էր պարզել, գործի մեջ կա՞ Փաշինյանի մեղքը ապացուցող որեւէ փաստ, թե՞ ոչ։

«Շեշտադրումը փոխեցին, եւ վերածեցին այսպիսի կեղծ, իմիտացիոն քննարկումների», - վստահեցրեց գլխավոր դատախազի նախկին տեղակալը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG