Մատչելիության հղումներ

Սարիբեկ Սուքիասյանի պաշտպանները չեն վստահում քննիչների օբյեկտիվությանը


«Սիլ» կոնցեռնի համասեփականատեր Սարիբեկ Սուքիասյան

«Սիլ» կոնցեռնի համասեփականատեր Սարիբեկ Սուքիասյան

Գործարար Սարիբեկ Սուքիասյանի պաշտպանական կողմը հրաժարվում է նախաքննության ներկա փուլում վարույթն իրականացնող մարմնին տրամադրել փետրվարի 12-ին «Սիլ» Կոնցեռնի գրասենյակում կատարվածի տեսագրությունը:

Փետրվարի 12-ին ոստիկանները կոպիտ ուժի գործադրմամբ ներխուժել էին «Սիլ» Կոնցեռնի գրասենյակ եւ բերման ենթարկել «Սիլ» կոնցեռնի համասեփականատեր Սարիբեկ Սուքիասյանին ու «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանին։ Իրավապահների պնդմամբ, «Սիլ» կոնցեռնի գրասենյակում սպառնալիքներով ստիպել են «Աուդիտ» ընկերության տնօրեն Գոռ Դավթյանին «Բյուրեղ» հանքային ջրերի գործարանի իրեն պատկանող բաժնեմասերի հետ կապված թղթեր ստորագրել, եւ Դավթյանի ահազանգով ոստիկանությունը գնացել է «Սիլ» կոնցեռնի գրասենյակ` նրան ազատելու։ Ավելի ուշ Սարիբեկ Սուքիասյանին միջադեպի առնչությամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի հատկանիշներով՝ Գոռ Դավթյանին ազատությունից զրկելու համար։

Ըստ Սուքիասյանի փաստաբան Լուսինե Սահակյանի, «Սիլ» կոնցեռնի անվտանգության տեսախցիկները տեսագրել են փետրվարի 12-ի միջադեպը, եւ դրանք Սարիբեկ Սուքիասյանին արդարացնող ապացույցներ են պարունակում։

Օրերս ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, տեղեկացնելով, որ մարտի 4-ին քննիչը գրություն է ուղարկել Լուսինե Սահակյանին, առաջարկելով կամովին ներկայացնել տեսագրությունը: Բայց փաստաբանը պնդում է, որ նախ` նախաքննական մարմնից որեւէ գրություն չեն ստացել, եւ երկրորդ` չեն վստահում այդ մարմնի օբյեկտիվությանը։

«Հասկանում ենք, թե ինչու է շահագրգռված վարույթ իրականացնող մարմինը ստանալ այդ տեսագրությունները ավելի շուտ, քան մենք կներկայացնենք իրենց. որպեսզի իրենք իրենց ցուցմունքները եւ հետագա ապացույցները կառուցեն այդ տեսասկավառակներից ելնելով։ Ուստի մենք նման հնարավորություն նրանց չենք ցանկանում ընձեռել», - նշեց փաստաբանը։ - «Ոստիկանները այդ օրը կոնցեռնի դռները կոտրելով ներխուժելու եւ մարդկանց բերման ենթարկելու փոխարեն առաջին հերթին պետք է այդ տեսագրությունները վերցնեին ու ուսումնասիրեին` իրականությունը պարզելու համար, ինչը ինչ-ինչ դրդապատճառներով չեն արել։ Իսկ հիմա, երբ այդ տեսագրությունները պաշտպանական կողմի մոտ, են նախաքննական մարմինը իրավունք չունի դրանք պահանջել, ինչպես եւ պաշտպանական կողմը չի կարող պահանջել նախաքննության մարմնի ձեռք բերած ապացույցները», - հայտարարեց Լուսինե Սահակյանը:

Անցած ամսվա վերջին, կրկին Սարիբեկ Սուքիասյանի գործի հետ կապված Էրեբունու ոստիկանության քննչական բաժնի քննիչը փորձել էր առգրավել Փաստաբանների պալատի փոխնախագահ, Սարիբեկ Սուքիասյանի փաստաբան Արա Զոհրաբյանի համակարգիչը։ Զոհրաբյանն այս գործով որպես վկա է անցնում. նա հրաժարվել էր համակարգիչը տրամադրել եւ վերադաս ատյաններից պահանջել էր վերացնել «Առգրավում կատարելու մասին»՝ իր բնորոշմամբ ապօրինի որոշումը։

Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ վերադաս դատախազը մերժել է իրենց բողոքը՝ հիմնավորելով, որ քննիչն իրավասու էր համակարգիչն առգրավել եւ բողոքի փաստարկները հիմնավոր չեն:

Փաստաբանի համակարգիչն առգրավելու նոր փորձեր առայժմ չեն եղել։ Արա Զոհրաբյանը դիմել է դատարան։ Դատական առաջին նիստը նշանակված է առաջիկա երեքշաբթի։
XS
SM
MD
LG