Մատչելիության հղումներ

Ինչպես ամեն տարի, այնպես էլ այս անգամ կրթության եւ գիտության նախարարությունը հանձնարարել է հանրակրթության վարչությանն ավելի ուշադիր լինել, զգոնացնել աշխատանքները ծնողական խորհուրդների հետ եւ կանխել Կանանց տոնի հետ կապված պարտադրված դրամահավաքի դրսեւորումները: Վերջիններս, սակայն, շարունակում են գոյություն ունենալ` “կամավորական սկզբունքով” անվան տակ:


Տոնի առնչությամբ նախարար Արմեն Աշոտյանը հորդորել է մանկավարժներին զերծ մնալ արատավոր երեւույթների դրսեւորումներից, որոնք կարող են ստվեր գցել ուսուցչի հեղինակության եւ կոչման վրա:

Քանի որ մարտի 8-ը ոչ աշխատանքային օր է` ուսուցիչներն իրենց տոնական նվերները ստացան մարտի 6-ին: Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի խոսքով, այս մարտի 8-ը դրական իմաստով տարբերվեց մյուսներից, քանի որ բողոքները քիչ էին:

“Դարամահավաքը դպրոցներում արգելված է, չենք թույլատրում անգամ նվերներ մատուցելու ծնողների սեփական նախաձեռնությունները, ուրիշ բան, եթե երեխաները ձնծաղիկով են շնորհավորում”, - “Մաքսլիբերթի”-ին փոխանցեց հանրակրթության վարչության պետը:

Այդուհանդերձ, “կամավորական սկզբունքը” կիրառվում է բազմաթիվ դպրոցներում. ուսուցիչները գումար են հավաքում կամ իրենց ցանկությունն են հայտնում ծնողական խոհրդին, որն էլ իբր կամավոր գումար է գանձում աշակերտներից եւ իրականացնում տնօրենի կամ ուսուցիչների ցանկությունները:

Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն Լիլի Վարդգեսյանի համոզմամբ, աշակերտին չպետք է արգելել ծաղիկով կամ կոնֆետով շնորհավորել մանկավարժներին: Իսկ ահա փաթեթներ եւ ծրարներ ընդունելն ինքն անձամբ է արգելել:

Մանկավարժներն էլ պնդում են, որ խնդիրը չափից ավելի ծայրահեղացվում է, իրենք կողմ են տոնական նվերների, մանավանդ որ ավանդույթը ձեւավորվել է դեռ շատ վաղուց: Ոմանք էլ վրդովված էին տուն վերադառնում, քանի որ նույնիսկ ծաղկեփնջի չէին արժանացել:


XS
SM
MD
LG