Մատչելիության հղումներ

Էլմար Մամեդյարով. «Ադրբեջանը համաձայն է Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակին»


Էլմար Մամեդյարով

Էլմար Մամեդյարով

Ադրբեջանը համաձայն է Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակին: Այդ մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ով անցած շաբաթավերջին Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ:

Ուրբաթ օրը կայացած հանդիպումից հետո համանախագահները հայտարարել են, որ պլանավորում են հանդիպել նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, այնուհետեւ այցելել տարածաշրջան:

Միջնորդների` ԵԱՀԿ-ի կայքէջում տեղադրված հայտարարությունում նշված է. - «Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասիեն եւ Ռոբերտ Բրադկեն Փարիզում աշխատանքային հանդիպում ունեցան Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Նրանք անդրադարձան բանակցությունների ներկայիս փուլին, քննարկեցին, թե ինչպես են Ադրբեջանն ու Հայաստանը վերաբերվում Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակին, որը համանախագահները ներկայացրել են 2009 թվականի դեկտեմբերին ու 2010 թվականի հունվարին: Մինչ տարածաշրջան այցելելը համանախագահները պլանավորում են այս ամիս հանդիպել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ու նրա հետ նույն քննարկումն անցկացնել»:

Ինչպես փոխանցել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակը, հանդիպմանը Էլմար Մամեդյարովն ասել է, թե Ադրբեջանը, չհաշված մի քանի բացառություններ, համաձայն է, ընդունում է կարգավորման փաստաթուղթը, որը առաջարկվել է Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի հիման վրա:

Համանախագահներն ասել են, թե կշարունակեն տվյալ հարցի քննարկումը հայկական կողմի հետ:

Էլմար Մամեդյարովը հանդիպել է նաեւ Ֆրանսիայի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ժան-Դավիդ Lեւիտի հետ` Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ներկայացնելով ադրբեջանական կողմի տեսակետները: Ֆրանսիայի նախագահի խորհրդականը ասել է, որ Ֆրանսիան կուժեղացնի ջանքերը խնդրի կարգավորման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG