Մատչելիության հղումներ

11-ամյա Հեյդար Ալիեւը Դուբայում 44 միլիոն դոլարի անշարժ գույք ունի


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ
«11-ամյա ադրբեջանցի տղան Դուբայի ամենաշքեղ ափամերձ գոտիներից մեկում` Ջումերյայում դարձել է թանկարժեք 9 ամառանոցների սեփականատեր», - տեղեկացնում է ամերիկյան Washington Post-ը: «44 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ այդ գույքի նոր սեփականատիրոջ անուն-ազգանունը տառացիորեն համընկնում է Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիեւի որդու` 11-ամյա Հեյդար Ալիեւի անվանը եւ ազգանվանը, անգամ` նրա ծննդյան օրն ու տարեթիվն են նույնը», - Դուբայի Հողային դեպարտամենտից ճշտել է ամերիկյան պարբերականը:

«Իսկ 44 միլիոն դոլարը միջին եկամուտ ունեցող ադրբեջանցու վաստակած մեկ ամսվա աշխատավարձից 10 հազար անգամ ավելի է», - շարունակում է Washington Post-ը:

«Իլհամ Ալիեւի եկամուտը Ադրբեջանի նախագահի պաշտոնում տարեկան 228 հազար դոլար է կազմում, իսկ դա չի բավականացնի այս ափի անգամ ամենահամեստ տունը գնելու համար», - նշել է հոդվածագիրը` հարցնելով. - «Ուրեմն, ինչպե՞ս կարող էր նախագահի որդին կամ, ծայրահեղ դեպքում, ադրբեջանցի դպրոցականը ձեռք բերել անգլիական ֆուտբոլային աստղերի եւ այլ միլիոնատերերի սիրելի այդ ափում նման առանձնատներ»:

Պաշտոնական Բաքուն հրաժարվում է պատասխանել այդ հարցին` ինչպե՞ս կարող էր այդ գործարքը կնքվել:

«Դրանք Վաշինգտոնի համար սրում են վաղուց գոյություն ունեցող երկընտրանքը` ինչպե՞ս համատեղել անվտանգության եւ էներգետիկայի ոլորտներում Ադրբեջանի հետ համագործակցությունը Պետդեպարտամենտի նախորդ տարվա զեկույցի հետ, որտեղ նշված էր` Ադրբեջանում կոռուպցիան ամենուր է ներթափանցել», - գրել է Washington Post-ը՝ հավելելով, որ Դուբայում անշարժ գույք ունեն նաեւ Լեյլա եւ Արզու Ալիեւաները, որոնց անուններն էլ համընկնում են նախագահ Իլհամ Ալիեւի դուստրերի անուններին:

«Ալիեւների իշխանությունը, իհարկե, երկրում որոշակի տնտեսական աճ ապահովում է», - գրում է Washington Post-ը եւ այնուհետեւ հետեւյալ պնդումն անում. - «Սակայն Ադրբեջանում տիրում է համատարած կաշառակերությունն ու անպատժելիության մթնոլորտը»:

Ալիեւների կլանի գործոնը` որպես համակարգի հիմք, կարեւոր դերակատարություն է ունեցել Նյու Յորքում անցած տարի տեղի ունեցած դատավարության ժամանակ, երբ ամերիկացի միլիոնատեր Ֆրեդերիկ Բուրկ-կրտսերը մեղադրվեց արտերկրում կոռուպցիայի մասին օրենքը խախտելու համար, հիմք ընդունելով այն կաշառքները, որ նա 90-ական թվականներին տվել էր Ադրբեջանում` երկրի նավթային պետական ընկերությունը (SOCAR) գնելու անհաջող փորձերի համար: Այդ ժամանակ ընկերության ղեկավար կազմում էր նաեւ Ադրբեջանի ներկայիս նախագահը` Իլհամ Ալիեւը:

«Ամերիկացի գործարար Թոմաս Ֆարելը դատարանում վկայություն է տվել, որ Իլհամի հայրը` Հեյդար Ալիեւը հրահանգել էր գումարներ փոխանցել իր մերձավոր շրջապատի հաշվեհամարներին, ինչպես նաեւ գումարներ հատկացնել ընտանիքի անդամներին` տարաբնույթ գնումների համար», - իր հրապարակման մեջ հիշեցնում է Washington Post-ը` գրելով, թե Դուբայում վերջին այդ ձեռքբերումներով Ադրբեջանի նախագահի անվան շուրջ մի շարք հարցեր են ծագում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG