Մատչելիության հղումներ

Անկարային զայրացրել է թիվ 252 բանաձեւի քվեարկության արդյունքը


Ռեջեփ Էրդողան
Ռեջեփ Էրդողան

Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի ընդունումը Թուրքիայում բարձրացրել է սուր քննադատության եւ վրդովմունքի ալիք։ Արձագանքել են բացառապես բոլորը` գործադիր եւ օրենսդիր իշխանությունը, ընդդիմությունը։ Վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը շաբաթ օրը ելույթ է ունեցել Ստամբուլում գումարված թուրք գործարարների համաժողովում։

«Ո՞վ է շահել բանաձեւի ընդունումից։ Ամերիկա՞ն, Հայաստա՞նը», - հռետորական հարց է տվել Էրդողանն ու հայտարարել. - «Կոնգրեսի հանձնաժողովը մշակել է մի սցենար, որն իսկական կատակերգություն էր»։

«Թուրքիան վնաս չի կրում Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այդ որոշումից, բայց վնասվում են մեր երկկողմ կապերը, շահերը, Թուրքիան չէ, որ տուժում է դրանից, տուժելու են Թուրքիայի հանդեպ վրեժխնդրությամբ համակված մեր մանր-մունր թշնամիները», - զայրացած հայտարարել է «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության առաջնորդ, վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։

Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպան Նամըք Թանն արդեն վերադարձել է Անկարա։

«Ես կվերադառնամ Վաշինգտոն, երբ նպատակահարմար կլինի, տեսնենք, թե հետագայում ինչ կպատահի, մենք պետք է սպասենք», - ասել է դեսպանը։

Արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ ասել է, որ բանաձեւի օրինագծի ընդունումը լուրջ վնաս է հասցնում թուրք-ամերիկյան կապերին։

«Այդ կապերին վնաս են հասցնում հանուն տեղական քաղաքական փոքր շահերի, Թուրքիան դրանից չի տուժի, բայց դրանից կտուժի Միացյալ Նահանգների ռազմավարական տեսլականը, մենք ցանկանում ենք Ամերիկայի հետ խնդիրը քննարկել ոչ թե տեղական քաղաքական շահերի, այլ հենց ռազմավարական հայեցակարգի տեսակետից»,- ասել է Թուրքիայի դիվանագիտական կորպուսի ղեկավարը։

Իր վրդովմունքն է հայտնել նաեւ ընդդիմության առաջնորդներից ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Դենիզ Բայքալն, ով հայտարարել է, թե Կոնգրեսի հանձնաժողովում մարտի 4-ի քվեարկությունից հետո Անկարան պարզապես պետք է հրաժարվի հայ-թուրքական արձանագրություններից։

«Թուրքիան գերտերությունների ճնշման ներքո է Շվեյցարիայում հայերի հետ արձանագրություններ ստորագրել, մենք դեռ այն ժամանակ էինք ասում` մի՜ արեք այդ բանը։ Բայց կառավարությունում մեզ չլսեցին։ Հիմա համոզվեցի՞ք, որ մենք ճիշտ էինք։ Կառավարությունն անհապաղ պետք է հրաժարվի պրոտոկոլներից»,- ասել է Բայքալը։

Ըստ լրատվական գործակալությունների, Միացյալ Նահանգների քաղաքական վերնախավում պարզորոշ ասում են, որ թիվ 252 բանաձեւը չպետք է մտցվի Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգ։

«Պետական քարտուղարը զրուցել է Կոնգրեսի, ինչպես նաեւ այլ պաշտոնյաների հետ, ենթադրում եմ, որ բոլորը ըմբռնում են մեր դիրքորոշումը եւ կարծում եմ, Կոնգրեսի կողմից որեւէ նոր քայլ նպատակահարմար չի լինի»,- ասել է պետական դեպարտամենտի խոսնակ Ֆիլիփ Քրոուլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG