Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանում Փաշինյանի գործով բողոքների քննությունն ավարտվեց


Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան

Վերաքննիչ դատարանում ուրբաթ օրը ավարտվեց 2008 թվականի հետընտրական զարգացումների առնչությամբ 7 տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր գործիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով վերաքննիչ բողոքների քննությունը։

Վերաքննիչ դատարանում Փաշինյանի պաշտպանական կողմը պահանջում է իրենց պաշտպանյալի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ, իսկ դատախազ Հարություն Հարությունյանը պահանջում է Նիկոլ Փաշինյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով եւս` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար, եւ ավելի խիստ պատիժ սահմանել նրա նկատմամբ։

Նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը շարունակեց ներկայացնել իր առարկությունները՝ Առաջին ատյանի դատարանում իր գործով կայացված վճռի վերաբերյալ։ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը իր ելույթը եզրափակեց կոչով. - «Հանուն օրինականության, հանուն Սահմանադրության, մեր երեխաների ապագայի, եւ հանուն նրա, որ մեր երեխաները ունենան այնպիսի հայրենիք, որտեղ կարող են հավասար լինել բոլորի հետ օրենքի առաջ, հանուն ժողովրդավարության, խոսքի ազատության, մարդու իրավունքների՝ պայքարելու եմ մինչեւ վերջ, անկախ նրանից՝ ազատության մեջ կլինեմ, թե բանտում»։

Մեղադրող Հարություն Հարությունյանը առարկեց Նիկոլ Փաշինյանի բողոքի դեմ, կրկնեց մեղադրական եզրակացության մեջ գրվածը, եւ ավելացրեց. - «Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը հաստատվել է գործին վերաբերվող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ»։

Վերաքննիչ դատարանի նիստը նախագահող դատավոր Սերժիկ Ավետիսյանը հայտարարեց` դատավճիռը կհրապարակվի մարտին 9-ին:

Ի սկզբանե «Հայկական ժամանակ»-ի խմբագրին մեղադրանք էր առաջադրված Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` 316 եւ 225: 2010 թվականի հունվարի 19-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը 316-րդ հոդվածով նրան արդարացրեց` ապացույցների անբավարարության հիմքով, սակայն մեղավոր ճանաչեց զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ` 225-րդ հոդվածի առաջին մասով, եւ դատապարտեց 7 տարվա ազատազրկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG