Մատչելիության հղումներ

ՍԴ-ն կասեցնում է Ազգային ժողովի լրացուցիչ ընտրությունները անվավեր ճանաչելու՝ Փաշինյանի դիմումի վարույթը


Սահմանադրական դատարանը ուրբաթ օրը որոշում կայացրեց ժամանակավորապես կասեցնել անազատության մեջ գտնվող ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած բողոքի քննությունը՝ հունվարի 10-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում անցկացված Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ։

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հիշյալ որոշմամբ` թիվ 10 ընտրատարածքում անցկացված լրացուցիչ ընտրություններում հաղթող է ճանաչվել «Ազգային միաբանություն» կուսակցության թեկնածու Արա Սիմոնյանը՝ 6850 ձայնով: Նույն ընտրատարածքում ընդդիմադիր թեկնածու, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը երկրորդն է` 4650 ձայնով, իսկ Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը ստացել է 288 ձայն։

Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարան էր դիմել հունվարի 22-ին` ներկայացնելով բոլոր ընտրատեղամասերում խախտումների վերաբերյալ իր վստահված անձանց արձանագրությունները, տեսագրություններն ու այլ նյութեր: Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը համոզված է, որ ընտրությունները կեղծված են եւ պետք է անվավեր ճանաչվեն: Իր բողոքում Փաշինյանը Սահմանադրական դատարանին նաեւ խնդրել էր ապահովել իր ներկայությունը գործի վարույթին, սակայն ՍԴ-ն մինչ օրս որեւէ որոշում չէր կայացրել Փաշինյանի մասնակցության վերաբերյալ:

Նիստի սկզբին Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց Նիկոլ Փաշինյանի՝ դատարանում ներկայության եւ նիստին մասնակցության հարցին: «Դատական նիստին ներկա լինելը Նիկոլ Փաշինյանի սահմանադրական իրավունքն է», - նշեց Վահե Գրիգորյանը՝ հավելելով, որ իր վստահորդի հետ մինչ օրս հանդիպելու հնարավորություն չի ունեցել. - «Դիմողի դիրքորոշումը շատ հարցերի վերաբերյալ մեզ անհայտ է։ Դրա համար խնդրում եմ ապահովել դիմողի ներկայությունը այս դատական նիստին»։

Սահմանադրական դատարանը խորհրդակցության սենյակում մեկ ժամի չափ քննարկելով միջնորդությունը որոշեց, որ Սահմանադրական դատարանը իրավազոր չէ կողմերի ներկայությունը նիստին ապահովել եւ այդ պատճառով չի կարող բավարարել միջնորդությունը։ Բացի այդ, ՍԴ-ի կարծիքով, Նիկոլ Փաշինյանը իր իրավունքները կարող է իրացնել իր լիազոր ներկայացուցիչների միջոցով։

Այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փաշինյանի ներկայացուցիչները մինչ օրս իրենց վստահորդի հետ հանդիպելու հնարավորություն չեն ունեցել, Սահմանադրական դատարանը որոշեց կասեցնել գործի վարույթը, եւ դիմել արդարադատության նախարարին՝ Փաշինյանի եւ իր ներկայացուցիչների հանդիպումները ապահովելու խնդրանքով։

«Երբ հանդիպումները կկայանան, եւ ներկայացուցիչները կտեղեկացնեն Սահմանադրական դատարանին, որ արդեն պատրաստ են ներկայացնել դիմողի տեսակետները, գործի քննությունը կվերսկսվի։ Գործի քննությունը կասեցվում է», - դատարանի վճիռը հայտարարեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։
XS
SM
MD
LG