Մատչելիության հղումներ

Կուստուրիցան մի օր էլ գուցե Հայաստանի մասին ֆիլմ նկարահանի


Էմիր Կուստուրիցան երևանյան մամլո ասուլիսի ժամանակ

Էմիր Կուստուրիցան երևանյան մամլո ասուլիսի ժամանակ

Բացառիկ համերգով Երեւանում գտնվող սերբ ռեժիսոր եւ երաժիշտ Էմիր Կուստուրիցան խոստովանում է, որ երջանիկ մարդ է, եւ հատկապես ուրախ է Հայաստան գալու համար, քանի որ միշտ մի շարք նմանություններ է զգացել հայ եւ սերբ ժողովուրդների միջեւ, ինչում հիմա համոզվում է:

«Ես հասկացել եմ, որ մեր նման փոքր ազգերը համը հանողի համբավ ունեն եւ ստիպված են պայքարել իրենց մշակույթով: Հայաստանն ու Սերբիան պատմականորեն նման, դժվար ճակատագիր ունեն, ինչը շատ մոտեցնում է մեզ», - ասում է Էմիր Կուստուրիցան` խոստովանելով, որ շատ ավելի ուրախ է, երբ իրեն ջերմությամբ են ընդունում Հայաստանում, քան, օրինակ, ԱՄՆ-ում: Հանրահայտ ռեժիսորը նաեւ չի հերքում, որ մի օր գուցե իր ֆիլմերում նաեւ Հայաստանը տեղ գտնի:

Երեկ ռեժիսորը առիթ է ունեցել այցելել Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան ու, ինչպես ինքն ասաց, իրենց զգալ «մեկ ուրիշի ստեղծած ֆիլմի մեջ»: - «Փարաջանովը շատ կաեւոր ժառանգություն է թողել ոչ միայն հայերին, այլեւ ողջ աշխարհին, կոնցեպտուալ արվեստի նրա գործերը անգերազանցելի են»:

Կատակասեր ու «խենթ» Կուստուրիցան իր գլխավոր խենթությունը համարում է այն, որ իր բոլոր մտքերը միշտ իրագործում է` ի տարբերություն շատ այլ սերբերի, ովքեր «սիրում են նստել, խոսել ու երազել»: Իսկ իր արվեստի առաքելությունը դժվարանում է բացատրել` կատակելով, թե “այս գործով զբաղվում է, քանի որ ֆուտբոլ չի խաղում»:

Էմիր Կուստուրիցան Երեւանում հանդես կգա իր «The No Smoking Orchestra» խմբի հետ միասին, իսկ համերգի գաղափարն իրականություն է դարձել Սերբիայում հաստատված հայ ջութակահար Խաչատուր Ալմազյանի հետ իր ընկերության եւ մշակույթի նախարարության աջակցության շնորհիվ:


XS
SM
MD
LG