Մատչելիության հղումներ

«Անկարան շատ լուրջ արձագանք տվեց բանաձեւի ընդունմանը եւ անմիջապես ետ կանչեց իր դեսպանին Վաշինգտոնից», - գրում է թուրքական Milliyet թերթն ու մանրամասնում. - «Թուրքիան ուղիղ եթերում ուշի ուշով հետեւում էր քննարկումներին՝ հույսը դնելով Քլինթոնի եւ Օբամայի վարչակազմի հորդորների վրա, որոնք կոչ էին անում դեմ քվեարկել փաստաթղթի ընդունմանը»։

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հինգշաբթի օրը հավանություն տվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի նախագծին:

«Երեկ ողջ օրվա ընթացքում Թուրքիայում եռուզեռ էր տիրում», - գրում է Cumhuriyet-ը՝ մանրամասնելով. - «Անկարան հայտարարություններ էր տարածում, եւ զգուշացնում, որ փաստաթղթի ընդունման դեպքում պատրաստ է դիմել ցանկացած քայլի։ Բանակցությունները շարունակվում էին մինչեւ վերջին պահը»։

«Չնայած Թուրքիայի գործադրած ճնշումներին՝ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կողմ քվեարկեց բանաձեւին, որը կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին ապրիլի 24-ի իր ավանդական ուղերձում օգտագործել ցեղասպանություն բառը», - գրում է Washington Post-ը, եւ մեջբերելով սեփական դիվանագիտական աղբյուրները՝ հավելում. - «Այդուամենայնիվ, ամերիկացի պաշտոնյաները հույս ունեն, որ բանաձեւը նախկինում ընդունված նույնաբովանդակ փաստաթղթերի նման, այս անգամ էլ կսառեցվի եւ շատ հեռուն չի գնա»։

«Հայ–թուրքական հաշտեցման գործընթացը այլեւս կարելի է ավարտված համարել», - Wall Street Journal-ի հետ զրույցում ասել է թուրք պրոֆեսոր Հուսեյն Բաղչին՝ կանխատեսելով, որ Թուրքիայում վերջին տարիներին առկա հակաամերկյան տրամադրություններն էլ ավելի կսրվեն, մինչդեռ քվեարկությունը կդիտարկվի որպես կառավարության ձախողում արտաքին քաղաքականության ոլորտում։

«Բանաձեւի շուրջ քննարկումներին երեկ ներկա էին նաեւ Ցեղասպանությունը վերապրած երեք հայ կանայք», - գրում է Los Angeles Times-ը, եւ մեջբերում կոնգրեսական Աքերմանի խոսքերը. - «Նրանք այստեղ են արդարության համար, մինչեւ ե՞րբ կարող են սպասել դրան»։ Անդրադռնալով բանաձեւի շուրջ զարգացումներին՝ ամերիկյան պարբերականը տեղեկացնում է. - «Նախաձեռնության հեղինակներն ասում են, թե այն պալատի լիագումար նիստ կբերեն այն ժամանակ, երբ համոզված կլինեն, որ բավարար թվով աջակիցներ ունեն»։

Boston Globe-ը թեմայի շուրջ հոդվածից բացի տպագրել է նաեւ 1915-ի իրադարձությունները պատկերող մի լուսանկար։ «Աշխարհաքաղաքական ուժերը միշտ էլ խոչընդոտել են այսօրինակ բանաձեւերի ընդունումը պալատի լիագումար նիստում։ Ամեն տարի, երբ նման փաստաթուղթ է շրջանառվում, օրենսդիրները հայտարարում են, թե ժամանակը հարմար չէ, եթե ոչ այսօր, ապա ե՞րբ», - թերթի հետ զրույցում տարակուսել է ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներից մեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG