Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիան դատապարտում է Կոնգրեսի հանձնաժողովի հավանությանը արժանացած թիվ 252 բանաձեւը


Աբդուլա Գյուլ (աջից) եւ Ռեջեփ Էրդողան

Աբդուլա Գյուլ (աջից) եւ Ռեջեփ Էրդողան

Պաշտոնական Անկարան դատապարտել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հավանությանը արժանացած` Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւը:

«Մենք դատապարտում ենք այս բանաձեւը, որը մեղադրում է թուրք ազգին մի հանցագործության մեջ, որը նա չի կատարել», - հայտարարել է Թուրքիայի կառավարությունը, որը կոնգրեսական հանձնաժողովի կողմից օրինագծի ընդունումից գրեթե անմիջապես հետո ետ կանչեց Վաշինգտոնում իր դեսպան Նամիք Թանին` «խորհրդատվությունների համար»:

Իր վրդովմունքն է հայտնել նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը` հայտարարելով, թե բանաձեւը «արժեք չունի թուրք ժողովրդի աչքում», եւ զգուշացնելով, որ այն հարված կհասցնի Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ տասնամյակների թշնամանքին վերջ տալու ջանքերին:

«Թուրքիան պատասխանատու չէ բացասական հետեւանքների համար, որ այս քվեարկությունը կարող է ունենալ բոլոր ոլորտներում», - «Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Գյուլը:

«Ռոյթերզ» գործակալության վկայությամբ, քվեարկությունից անմիջապես հետո դատապարտող հայտարարությամբ էր հանդես եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը` ասելով, թե անհանգստացած է, որ այս օրինագիծը կարող է վնաս հասցնել թուրք - ամերիկյան հարաբերություններին եւ շուրջ հարյուրամյա թշնամանքին վերջ տալու` Թուրքիայի եւ Հայաստանի ջանքերին:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, իր հերթին, ուրբաթ օրը կոչ է արել Միացյալ Նահանգների վարչակազմին կասեցնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի նախագծի առաջխաղացումը Ներկայացուցիչների պալատում:

«Ակնկալում ենք, որ Միացյալ Նահանգների վարչակազմը այսուհետ ավելի արդյունավետ ջանքեր կգործադրի` թույլ չտալու համար բանաձեւի քվեարկությունը Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում», - «Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Դավութօղլուն եւ հավելել, որ պաշտոնական Անկարան լրջորեն անհանգստացած է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նախօրեին կայացած քվեարկության արդյունքներով:

Նա սպառնացել է, թե Թուրքիան կխզի կապերը Միացյալ Նահանգների հետ:

Անդրադառնալով հայ - թուրքական գործընթացին` Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է. - «Մենք հաստատակամ ենք` առաջ մղելու Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու ջանքերը, սակայն օրինագծի ընդունումը ռիսկի տակ է դնում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրերը»:

Դավութօղլուն ասել է նաեւ, թե խնդիրը պատվի հարց է, եւ իրենք կգնահատեն, թե ինչ միջոցներ են ձեռնարկելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG