Մատչելիության հղումներ

Վարչապետը խիստ նկատողություն է հայտարարել գյուղատնտեսության նախարարին


Գերասիմ Ալավերդյան

Գերասիմ Ալավերդյան

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության հինգշաբթի օրվա նիստում խիստ նկատողություն է հայտարարել գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին` «ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար»:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` վարչապետը հիշեցրել է, որ 2008-2009 թվականների գնումների վերաբերյալ Վերահսկիչ պալատն իրականացրել էր ուսումնասիրություններ եւ բացահայտել լուրջ բացթողումներ, թերություններ, խախտումներ, «որոնք մենք պետք է շտկեինք, եւ այդ հարցերը պետք է գտնվեին նախարարի անմիջական հսկողության տակ»: «Վերահսկիչ պալատը մեր ուշադրությունը հրավիրել էր այն հանգամանքի վրա, որ ձեռք են բերվում հակադաբաղային պատվաստանյութեր, որոնք գրեթե երկու անգամ գերազանցում են բացթողնման գները: Բնականաբար, 2010 թվականին մենք պետք է բացառեինք այսպիսի իրողությունը: Բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրավիճակը ոչ միայն չի շտկվել, այլեւ ավելի է վատացել», - ընդգծել է վարչապետը:

«2010 թվականը մեզ համար կարեւոր նշանակություն է ունենալու: Գյուղատնտեսության ոլորտում մենք պարտավոր ենք այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնք ապահովեն ոլորտի առնվազն 5 տոկոս տնտեսական աճ: Սա նշանակում է, որ այն սուղ ֆինանսական միջոցները, որ մենք բյուջեից հատկացնում ենք գյուղատնտեսության զարգացմանը, պետք է առավել արդյունավետ օգտագործվեն», - ասել է Տիգրան Սարգսյանը:

Նա գյուղատնտեսության նախարարին հանձնարարել է միջնորդությամբ դիմել Քաղաքացիական ծառայության խորհրդին` ծառայողական քննություն սկսելու նախարարության երկու պաշտոնյաների նկատմամբ` նրանց զբաղեցրած պաշտոններից ազատելու համար:

«Վարչապետի վերահսկողական ծառայությունը, ստանալով Վերահսկիչ պալատի նախագահի ահազանգը, կատարել է մանրակրկիտ ուսումնասիրություն եւ պարզել, որ ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը եւ Գեւորգ Թովմասյանը, որը 2010 թվականի համար պատասխանատու էր գնումները պատշաճ կազմակերպելու համար, չեն ձեռնարկել համապատասխան միջոցներ, որպեսզի իրավիճակը շտկվի, ավելին, մրցույթի պայմանները այնպես են կազմված եղել, որ ի սկզբանե հայտնի էր, որ Հայաստանում կա միայն մեկ ընկերություն, որը կարող է հաղթել այդ մրցույթում: Իսկ գները բոլոր հաշվարկներով առնվազն 50 տոկոսով կարելի էր նվազեցնել, որովհետեւ պետք է կատարվի նաեւ ինքնարժեքի թվաբանական ուսումնասիրություն», - ասել է Տիգրան Սարգսյանը:

Նրա հավաստմամբ` «եթե չլիներ վարչապետի վերահսկողական ծառայության միջամտությունը, մենք ունենալու էինք լուրջ կորուստներ»:

Գերասիմ Ալավերդյանը ներկայացնում է «Օրինաց երկիր» կուսակցությունը, գյուղատնտեսության նախարար է նշանակվել անցած տարվա մայիսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG