Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրեսի հանձնաժողովը քննարկում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը


ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը

ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մեկնարկել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի նախագծի քննարկումները:

Օրինագիծը մոտ մեկ տարի առաջ մշակվել եւ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովին է ներկայացվել Ադամ Շիֆի, Ջորջ Ռադանովիչի եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնի եւ Մարկ Քըրքի հովանավորությամբ։ Ներկայումս այս բանաձեւին աջակցում են 135 կոնգրեսականներ ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցություններից։

Թիվ 252 բանաձեւը կոչ է անում ԱՄՆ-ի նախագահին «ապահովել, որպեսզի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը արտացոլի պատշաճ ըմբռնում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ Նահանգների արձանագրություններում փաստված` մարդու իրավունքների, էթնիկ զտումների եւ ցեղասպանության հարցերի առնչությամբ», ինչպես նաեւ ապրիլքսանչորսյան իր ամենամյա ուղերձում «ճշգրիտ կերպով բնորոշել մեկեւկես միլիոն հայերի սիստեմատիկ եւ կանխամտածված բնաջնջումը որպես ցեղասպանություն»:

Բանաձեւի ծանոթագրություններում այնուհետեւ շատ հստակ նշվում է. - «Հայոց ցեղասպանությունը ծրագրվել եւ իրականացվել է Օսմանյան Կայսրության կողմից 1915-1923 թվականներին, որի արդյունքում տեղահանվել են երկու միլիոն հայեր։ Նրանցից մեկեւկես միլիոնը սպանվել է, կես միլիոն վերապրածներ վտարվել են իրենց տներից։ Այս ամենի արդյունքում վերացվեց հայերի 2500 տարվա ներկայությունը իրենց պատմական հայրենիքում»։

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովը նման բովանդակությամբ բանաձեւեր ընդունել է 2000, 2005 եւ 2007 թվականներին։ Թեեւ այդ բանաձեւերը շատ մեծ աջակցություն էին վայելում Կոնգրեսում, Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում քվեարկության չեն դրվել, քանի որ թե' նախագահ Բիլ Քլինթոնը եւ թե' նախագահ Ջորջ Բուշը կտրականապես դեմ արտահայտվեցին բանաձեւերի ընդունմանը՝ պատճառաբանելով, որ թուրքերը կարող են պատասխան քայլերի դիմել։

Ինչպես ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի մամուլի քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը, քննարկումներից հետո սպասվում է քվեարկություն։

«Ակնկալում ենք, որ կոնգրեսականները կվավերացնեն Ցեղասպանության բանաձեւը», - ասաց Չուլջյանը:

Նրա նշեց, որ հանձնաժողովը 46 անդամ ունի, եւ օրինագծի ընդունման համար պահանջվում են ներկաների մեծամասնության ձայները. - «Անշուշտ, գիտենք, որ կոնգրեսականներից բոլորը չեն ներկա լինում հանձնաժողովի նիստերին, սակայն եթե բոլորը ներկա լինեն, ուրեմն` առնվազն 24 քվե պետք է լինի, որպեսզի անցնի բանաձեւը հանձնաժողովում»:

Էլիզաբեթ Չուլջյանը հիշեցրեց, որ 2007 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը հանձնաժողովում հավանության է արժանացել 26 ձայնով:

Ի պատասխան հարցի` հայտնի՞ է արդյոք, թե հանձնաժողովի անդամներից ովքեր են աջակցում բանաձեւին, նա ընդգծեց. - «Մինչեւ վերջին րոպեն կոնգրեսականները հնարավորություն ունեն իրենց տեսակետները փոխելու, բայց հանձնաժողովի նախագահը` Հովարդ Բերմանը ի սկզբանե միշտ զորավիգ է կանգնել այս բանաձեւին եւ ղեկավար քայլը արեց, որ բանաձեւը բերի, քննարկվի հանձնաժողովի կողմից: Նա քանիցս ասել է, որ հայ - թուրքական կամ նույնիսկ ամերիկա - թուրքական հարաբերությունները չպետք է պատանդ մնան Ցեղասպանության մերժման` Թուրքիայի աշխատանքներին, եւ ուրեմն` ինքը հաստատ զորավիգ կկանգնի: Հանձնաժողովում կոնգրեսականների մեծամասնությունը մեզ հայտնել են, որ իրենք զորավիգ են կանգնում այս բանաձեւին եւ հնարավորություն են փնտրում ետ բերել Ամերիկան շիտակ ուղի մարդու իրավունքների այս կարեւոր հարցում»:

Վաշինգտոնում են ինչպես Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ, այնպես էլ թուրք խորհրդարանականներ: Էլիզաբեթ Չուլջյանը պարզաբանեց, որ նրանք հանձնաժողովում ելույթ չեն ունենալու. - «Հանձնաժողովի ելույթները մնում են կոնգրեսականներին, որոնք այդ հանձնաժողովի անդամներ են: Երբեմն հատուկ հրամանով ուրիշ կոնգրեսականներ` ոչ հանձնաժողովի անդամներ, կարող են ներկայացնել իրենց տեսակետը, բայց դա հազվադեպ է տեղի ունենում: Սակայն, վստահաբար, թե' Թուրքիայի Ազգային ժողովի, թե' Հայաստանի Ազգային ժողովի ներկայացուցիչները, ակնկալում եմ, ներկա կլինեն` տեսնելու այդ քվեարկությունը եւ քննարկումը»:

«Ակնկալում ենք, որ Կոնգրեսի հանձնաժողովի անդամները շիտակ քայլը պիտի կատարեն, մեկ անգամ եւս Հայոց ցեղասպանության ճշմարտությունը որպես մեկնակետ ընդունելով` ամերիկյան կառավարության քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցով պիտի ճշտեն շիտակ ձեւով եւ վերջապես վերջ տան Թուրքիայի կառավարության ճնշումներին եւ իր մերժման աշխատանքներում Ամերիկային պատանդ պահելուն», - ամփոփեց Հայ դատի գրասենյակի մամուլի քարտուղարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG