Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը շարունակում է «ամենաբարձր մակարդակով» ջանքեր գործադրել հայ-թուրքական կարգավորման ուղղությամբ


Միացյալ Նահանգները շարունակում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ ամենաբարձր մակարդակով բանակցություններ վարել Հայաստանի եւ Թուրքիայի հետ։ Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին:

«Այս գործում ուղղակիորեն ներքաշված են պետքարտուղարը, նրա տեղակալներ Սթայնբերգն ու Բըրնսը, օգնական Ֆիլ Գորդոնը», - հայտարարել է ամերիկացի պաշտոնյան եւ հավելել, թե Միացյալ Նահանգները հասկանում է, թե որքան խրթին է հարցը: - «Գոյություն չունի մեկ ընդհանուր մոտեցում, թե ի՞նչ է տեղի ունեցել 90 տարի առաջ, սակայն մենք գնահատում ենք երկու երկրների առաջնորդների խիզախ քայլերը, եւ շարունակում խրախուսել նրանց առաջընթացը»։

Հարցին, թե ի՞նչ տեղի կունենա, եթե ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, Քրոուլին հստակ պատասխան չի տվել:

Այս օրերին Վաշինգտոնում կոնգրեսականների հետ հանդիպումներ են անցկացնում թուրքական լոբբիստական խմբերն ու թուրք օրենսդիրները` փորձելով կանխել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի անցկացումը Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։

Անցած շաբաթ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդես էր եկել բանաձեւի վերաբերյալ հայտարարությամբ, որում, նշելով, որ Միացյալ Նահանգները աջակցում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ընթացող խաղաղ գործընթացին, այդուհանդերձ, չէր ընդդիմացել բանաձեւին։

«Ինչպես անցյալ շաբաթ նշել է պետքարտուղար Քլինթոնը», - ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Քրոուլին, - «Հայաստանի եւ Թուրքիայի համար կան բավական շատ հնարավորություններ՝ գնահատելու պատմական փաստերը եւ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել տասնամյակներ առաջ: Մենք շարունակում ենք բարձր մակարդակով ներգրավված մնալ գործընթացում եւ կողմերին խրախուսել, որպեսզի նրանք կյանքի կոչեն անցած տարի Շվեյցարիայում մեծ ջանքերի գնով ձեռք բերված համաձայնությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG