Մատչելիության հղումներ

Փաշինյանի գործով վերաքննիչ բողոքների քննությունը հետաձգվեց


Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Սերժիկ Ավետիսյանի նախագահությամբ, չորեքշաբթի օրը սկսեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի պաշտպանական կողմի եւ մեղադրող կողմի վերաքննիչ բողոքների քննությունը:

Պաշտպանական կողմը պահանջում է Փաշինյանի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ, իսկ դատախազ Հարություն Հարությունյանը պահանջում է Նիկոլ Փաշինյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով եւս` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Ի սկզբանե «Հայկական ժամանակ»-ի խմբագրին մեղադրանք էր առաջադրված Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` 316 եւ 225: 2010 թվականի հունվարի 19-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը 316-րդ հոդվածով նրան արդարացրեց` ապացույցների անբավարարության հիմքով, սակայն մեղավոր ճանաչեց զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ` 225-րդ հոդվածի առաջին մասով, եւ դատապարտեց 7 տարվա ազատազրկման:
Վերաքննիչ բողոքների քննությունը մեկնարկեց դատավորներին ներկայացված բացարկի միջնորդությամբ։ Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ նիստը նախագահող դատավորները «մարտի 1»-ի գործով նախկինում կայացրել են ապօրինի դատավճիռներ՝ ակնհայտ անմեղ անձանց նկատմամբ։

«Ուստի իհարկե դուք չեք կարող լինել անկողմնակալ, ճիշտ գնահատել հանցակազմի բոլոր տարրերը, որովհետեւ արդեն իսկ գնահատել եք մեկ անգամ, եւ սխալ եք գնահատել», - հայտարարեց պաշտպանը։

Մեղադրող Կորյուն Փիլոյանի կարծիքով, բացարկի միջնորդության մեջ նշվեցին քաղաքական գնահատականներ. - «Իրավունքի որեւէ նորմի հետ ընդհանուր ոչինչ չունեին։ Քաղաքական բնույթի հայտարարություններ. իրենց սուբյեկտիվ ցանկությունները դրվեցին միջնորդության հիմքում»։

Դատարանը մերժեց բացարկի միջնորդությունը։

Մեղադրող կողմը ներկայացրեց իր պահանջը՝ բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը, որով Փաշինյանը արդարացվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Մեղադրող Հարություն Հարությունյանը հայտարարեց, որ վկաները մեղադրող կողմին անհրաժեշտ ցուցմունքներ չեն տվել։

«Դատարանը պետք է հաշվի առներ, որ երկու վկաներն էլ միջադեպին ականատես են եղել որոշակի հեռավորությունից», - նշեց նա՝ հավելելով, որ Փաշինյանի մեղքը «գործին վերաբերող փոխկապակցված ապացույցներով» լիովին հաստատվել է։
Նիկոլ Փաշինյանը հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ է մեղադրող կողմը բողոքարկում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մասով առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը։

«Իմ նկատմամբ հարուցված քրեական այս հետապնդումը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում», - հայտարարեց Փաշինյանը եւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մասով արդարացման դատավճռի դեմ բողոքում է ոչ թե գործով տուժող ճանաչված եւ դատարան չներկայացած ոստիկանը, այլ՝ դատախազությունը։

«Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագրի եզրակացությամբ, ընդդիմադիր քաղաքական գործիչներին, այդ թվում նաեւ իրեն դատարանի առջեւ կանգնեցնելու նպատակը մեկն է՝ վախեցնել բոլորին։

«Հայաստանում քաղաքացիական շարժումը սկսվել է, եւ այն ավարտվելու է հաղթանակով, ինքը ուրիշ ավարտ չունի», - հայտարարեց Փաշինյանը։ - «Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ», - հավելեց ընդդիմադիր գործիչը։

Աշխատանքային օրվա ավարտին պաշտպանները միջնորդեցին դատական նիստը հետաձգել։ Միջնորդությունը բավարարվեց, դատավարությունը կշարունակվի վաղը։

Վերաքննիչում քննվում է Փաշինյանի գործը
please wait

No media source currently available

0:00 0:05:53 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG