Մատչելիության հղումներ

Կոնգրեսական Ադամ Շիֆը հանդես է եկել Սումգայիթի կոտորածների մասին հայտարարությամբ


Կոնգրեսական Շիֆը «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակում, 5-ը մայիսի, 2008թ.
Կոնգրեսական Շիֆը «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակում, 5-ը մայիսի, 2008թ.

Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ, Կոնգրեսական Ադամ Շիֆը երեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որում հիշատակել է 21 տարի առաջ Սումգայիթում տեղի ունեցած հայերի կոտորածները եւ իր գործընկերներին կոչ էր արել մոռացության չմատնել դրանք:

Շիֆը, մասնավորապես, ասել է. - «Ադրբեջանական Սումգայիթում տեղի ունեցած եռօրյա սպանդը բազմաթիվ հայերի մահվան պատճառ է դարձել, նրանցից շատերը կրակի վրա այրվել են, դաժանորեն ծեծվել, ենթարկվել տարաբնույթ տանջանքների, բազմաթիվ կանայք ու աղջիկներ բռնաբարվել են»։

«Այդ սպանդի պատճառով», - հավելել է ամերիկացի կոնգրեսականը, - «նաեւ հազարավոր էթնիկ հայեր փախստական են դարձել: Որպեսզի փրկվեին, ստիպված էին թողնել ամեն ինչ` իրենց տները, աշխատանքը ու փախչել»:

Շիֆի խոսքերով, այդ «հակահայկական դեպքերի» կազմակերպիչներից շատերը ոչ միայն չեն պատժվել Ադրբեջանում, այլեւ` շարունակում են բարձր պաշտոններ զբաղեցնել ադրբեջանական կառավարությունում:

«Չնայած իրողությունը կոծկելու ադրբեջանցիների բոլոր փորձերին` կենդանի մնացած հայերը պատմել են իրականությունը», - հայտարարել է Ադամ Շիֆը,- «երբ մարդիկ փորձել են փախչել ու փրկվել իրենց վրա հարձակվող ադրբեջանական խմբերից, նրանց վրա հարձակվել են մետաղյա ձողերով, դանակներով եւ կացիններով: Ըստ ականատեսների, ներքին գործերի նախարարության զորքերը կանգնել եւ դիտել են այդ ամենը` չմիջամտելով կատարվածին»:

Հիշեցնելով, որ այս տարվա ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցն է՝ Ադամ Շիֆը նաեւ ասել է. - «Ինչպես չենք կարող թույլ տալ, որպեսզի 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն անցնի պատմության գիրկը, այնպես էլ` չեն կարող մոռացվել սումգաիթյան իրադարձությունների զոհերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG