Մատչելիության հղումներ

logo-print

Եվրոպական հեռարձակողների միության կանոնների համաձայն` միչեւ մարտի 22-ը «Եվրատեսիլ»-ի մասնակից բոլորը 39 երկրները պետք է ներկայացրած լինեն իրենց երգերը եւ մասնակիցներին:

Այս օրերին մասնակից գրեթե բոլոր պետություններում եվրատեսիլյան եռուզեռ է. ոմանք արդեն ընտրել են մասնակիցներին, մյուսների դեպքում առաջիկա օրերին նախանշված են ազգային նախընտրական փուլերի եզրափակիչները:

Երեկ երեկոյան «Եվրատեսիլ»-ի իր մասնակցին ընտրեց Ադրբեջանը. 17-ամյա դպրոցական Սաֆուրա Ալիզադեն եզրափակչի 3 մասնակիցներից լավագույնն է ճանաչվել: Վրաստանն այս տարի կներկայացնի 24-ամյա երգչուհի Սոֆո Նիջարադզեն, ով հայտնի է մյուզիքլներում իր ելույթներով: Իսկ Հայաստանի մյուս հարեւան Թուրքիան` «Եվրատեսիլ 2010» է ուղարկում «maNga» խմբին:

Ռուսաստանը «Եվրատեսիլ»-ի իր մասնակցին կընտրի մարտի 7-ին կայանալիք եզրափակիչ համերգին` հեռուստադիտողի sms եւ ժյուրիի քվեարկության համադրությամբ: Եզրափակիչ փուլում հայտնված 25 լավագույնների շարքում են ռուսական շոու բիզնեսի ամենատարբեր անուններ` հայտնիներից մինչեւ սկսնակներ: Սակայն ռուսական ընտրությունը առավելապես ոչ թե երգերի ու երգիչների, այլ պրոդյուսերների պայքար է. նախընտրական մրցույթին իրենց հայտերն են ներկայացրել ռուսական փոփի մի շարք անուններ կերտած պրոդյուսերներ` Իոսիվ Պրիգոժինը, Վիկտոր Դրոբիշը և այլք, իսկ «Եվրատեսիլ»-ում մեծ փորձ ունեցող պրոդյուսեր Մաքս Ֆադեեվը հետ է վերցրել իր ներկայացրած «Յո Յո» խմբի հայտը: Նույնկերպ է վարվել նաեւ 2 անգամ «Եվրատեսիլ»-ին մասնակցած Դիմա Բիլանը, ով ավելի վաղ հայտարարել էր մրցույթին կրկին մասնակցելու ցանկության մասին` Ֆիլիպ Կիրկորովի գրած երգով:

Մինչ մյուս երկրները կընտրեն իրենց մասնակիցներին, Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը իր փրոմո տուրերի առաջին կանգառը կկատարի Կիեւում: Երգչուհուն ներկայացնող «Արմենիա փրոդաքշն»-ի մամլո խոսնակ Հայկ Մարկոսյանը «Մաքսլիբերթի»-ին փոխանցեց, որ արդեն կան հրավերներ եւրոպական մի քանի երկրներից: Ինչ վերաբերում է «Apricote stone» երգի բեմադրությանը, Ջիվան Գասպարյանը, նրա խոսքով, ամենայն հավանականությամբ կնվագակցի Եվա Ռիվասին Օսլոյի բեմում: Հայ Մարկոսյանի փոխանցմամբ` «Արմենիա փրոդաքշն»-ը մրցույթ է հայտարարել երգի թե՛ տեսահոլովակի եւ թե՛ բեմական համարի մտահաղացոււմների համար:
XS
SM
MD
LG