Մատչելիության հղումներ

Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրը ենթադրում է Հայաստանի հետ քաղաքական եւ տնտեսական կապերի խորացում


Եվամիության եւ «Արեւելյան գործընկերության» երկրների քարտեզը

Եվամիության եւ «Արեւելյան գործընկերության» երկրների քարտեզը

Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրը, որի ստորագրման հնարավորության մասին երեքշաբթի օրը Երեւանում խոսեց Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը, Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանի պարզաբանմամբ, ենթադրում է Հայաստան-Եվրամիություն քաղաքական երկխոսության խորացում, տնտեսական առավել խորը համագործակցություն։

Եվրամիությունում ներկայումս նախագահող երկրի` Իսպանիայի արտգործնախարարը, Հայաստան կատարած այցի ժամանակ, մասնավորապես, հայտարարել էր, որ Իսպանիան հույս ունի արագացնել Հայաստանի հետ ասոցացման պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունների մեկնարկը եւ արդեն մարտ ամսվա ընթացքում այդ կապակցությամբ որոշակի տեղաշարժ հնարավոր է։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ե՞րբ կարելի է ակնկալել այդ պայմանագրի ստորագրումը, Տիգրան Բալայանը, մասնավորապես, ասաց. - «Դա լինելու է մի համաձայնագիր, որտեղ պետք է արտահայտված լինեն բոլոր կողմերի շահերը՝ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Եվրոպական Միության անդամ երկրների շահերը, եւ Եվրամիության ՝ որպես ընդհանուր միավորի։ Թե ինչքան կտեւեն բանակցությունները, ե՞րբ կավարտվեն, կախված է նախագծից եւ բանակցվող փաստաթղթից»։

Իսպանիայի արտգործնախարարն անդրադարձել էր նաեւ Եվրամիության անդամ երկրների հետ առավել ազատականացված վիզային ռեժիմի սահմանման հեռանկարին։ Տիգրան Բալայանն այս կապակցությամբ ճշգրտեց, որ Հայաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացումը Եվրամիության ասոցացման պայմանագրի բաղկացուցիչը չէ։ Դրանք առաձին, սակայն զուգահեռ գործընթացներ են, որոնք զարգանում են Եվրամիության հետ մեկ ընդհանուր՝ Արեւելյան գործընկերության ծրագրի համատեքստում։

2010 թվականի հունվարի 1-ից վեց ամսով Եվրամիության նախագահությունը ստանձնած Իսպանիան տարբեր առիթներով հայտարարել է, որ ի թիվս այլ հարցերի, ուշադրության կենտրոնում են պահելու նաեւ անցած տարի մեկնարկած Արեւելյան գործընկերության ծրագիրը, որով Եվրամիությունը նպատակ ունի սերտացնել հարաբերությունները նախկին խորհրդային 6 երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ։

Այս ծրագրով Եվրամիությունը շոշափելի առավելություններ է խոստանում հետխորհրդային երկրներին. ազատ առեւտրային ռեժիմ, ֆինանսական լուրջ օժանդակություն, այդ երկրների քաղաքացիների համար Եվրամիություն մուտքի վիզաների տրամադրման հեշտացում: Փոխարենը` Եվրամիությունը ակնկալում է բարեփոխումներ մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ ժողովրդավարության ոլորտներում։
XS
SM
MD
LG