Մատչելիության հղումներ

Էդիկ Բաղդասարյան. «Իշխանությունների համար շատ լավ շանս կա Փաշինյանի գործը ընդհանրապես փակելու համար»


«Հետաքննող լրագրողների ընկերակցության» ղեկավար Էդիկ Բաղդասարյանը, ով հետեւում է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի գործին, համոզված է, որ իշխանությունները պետք է Փաշինյանին վերաքննիչ դատարանից ազատ արձակեն։

Բաղդասարյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանին ընդհանրապես չպետք է դատապարտեին, քանի որ նրա գործողություններում որեւէ հանցակազմ գոյություն չունի։

«Գործով ապացուցված չէ, որ Նիկոլը որեւէ մեղք է գործել, իսկ մարտի 1-ը պետք է սկսել սպանություններից, որովհետեւ եթե սպանություններից սկսենք, դուրս կգանք այնտեղ, որտեղից եղել են հրամանները, ով կրակել է», - ասաց Բաղդասարյանը։

Ընտրությունների արդյունքները բողոքարկող ընդդիմադիրների անժամկետ հանրահավաքը ցրելու՝ անվտանգության ուժերի նախաձեռնած գործողությունների արդյունքում 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանի փողոցներում զանգվածային անկարգություններ եւ բախումներ տեղի ունեցան ընդդիմադիրների եւ ոստիկանական ուժերի միջեւ, որոնց արդյունքում 10 մարդ զոհվեց։

«Հայկական ժամանակ»-ի խմբագիրը ընդդիմության ամենաակտիվ առաջնորդներից մեկն էր, ով առաջնային դեր էր խաղում ընդդիմության բողոքի ցույցերը կազմակերպելու գործում։ 2010 թվականի հունվարի 19-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը նրան մեղավոր ճանաչեց զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ` 225-րդ հոդվածի առաջին մասով, եւ դատապարտեց 7 տարվա ազատազրկման:

«Մենք չգիտենք ո՞վ է սպանել 10 մարդու, քրեական գործերում չկա որեւէ բան այդ մասին։ Այդ ամեն ինչը մի կողմ թողած վերցրել ենք Նիկոլ Փաշինյանին դատելը դարձրել ենք դրոշակ», - ասում է լրագրողական կազմակերպության ղեկավարը. - «Ես կարծում եմ, որ պետք է իսկապես համաներում կիրառվի եւ վերաքննիչ դատարանից Նիկոլ Փաշինյանին ազատեն։ Ես կարծում եմ, որ իշխանությունների համար շատ լավ շանս կա այս գործը ընդհանրապես փակելու եւ այս պատմությունը վերջացնելու համար»։

Էդիկ Բաղդասարյանը կիսում է այն տեսակետը, որ Փաշինյանին ազատ արձակելու որոշումը կախված է նախագահ Սերժ Սարգսյանից, եւ եթե լինի քաղաքական պատվեր, ընդդիմադիր գործչին կարող են հենց այսօր, մի քանի ժամում ազատ արձակել։

Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Սերժիկ Ավետիսյանի գլխավորությամբ, չորեքշաբթի օրը սկսեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի պաշտպանական կողմի եւ մեղադրող կողմի վերաքննիչ բողոքների քննությունը:

Պաշտպանական կողմը պահանջում է Փաշինյանի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ, իսկ դատախազ Հարություն Հարությունյանը պահանջում է Նիկոլ Փաշինյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով եւս` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG