Մատչելիության հղումներ

Վրաստանի քաղաքական շրջանակներում Վերին Լարսի անցակետի բացումը ընկալվում է որպես անհարկի զիջում


Վերին Լարսի անցակետը, 1-ը մարտի, 2010թ.
Վերին Լարսի անցակետը, 1-ը մարտի, 2010թ.

Վրաստանի քաղաքական շրջանակներում Վերին Lարսի անցակետի բացումը ընկալվում է որպես անհարկի զիջում: «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանի խոսքով` Վրաստանում քիչ չեն քաղաքագետներն ու քաղաքական գործիչնեըը, որոնք դեմ են արտահայտվում անցակետի բացմանը:

Վերին Lարսի անցակետի բացումը չի ոգեւորել նաեւ սահմանամերձ վրացական գյուղերի բնակիչներին, որոնց համար ռուս - վրացական սահմանը շարունակում է փակ մնալ. Ռուսաստան մեկնելուց առաջ Վրաստանի քաղաքացիները պետք է դիմեն Թբիլիսիում Ռուսաստանի շահերը ներկայացնող Շվեյցարիայի դեսպանություն, 50 ամերիկյան դոլար վճարեն եւ միայն դրական պատասխան ստանալուց հետո սահմանը հատելու իրավունք կստանան:

Ռուսական կողմը անցակետի բացմանը զուգահեռ նաեւ մի շարք սահմանափակումներ է մտցրել, որոնք սահմանամերձ շրջանների բնակիչների միջեւ շփումները գործնականում անհնարին են դարձնում: Այսպես, սահմանը չեն կարող հատել հետիոտները եւ ավելի քան 30 ուղեւոր ունեցող ավտոբուսները:

Ռուսաստանին սահմանակից Կազբեգիի շրջանի բնակիչները համոզված են` վերաբացված անցակետից օգտվելու են բացառապես Հայաստանի քաղաքացիները:

«Մեզ համար անցակետի բացումը որեւէ նշանակություն չունի, սա միայն հայերի համար է արվում: Մենք ո'չ արտասահմանյան անձնագիր ստանալու հնարավորություն ունենք, ո'չ էլ վիզայի համար սահմանված տուրքը վճարելու կարողություն», - «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին ասել է Կազբեգիի շրջանի մի բնակչուհի:

Վրաստանի ոստիկանության ներկայացուցիչ Lեւան Խվինգիան նույնպես կարծում է, թե վերաբացված անցակետը առավելապես Հայաստանի շահերին կծառայի: «Անցակետի բացման հիմնական նպատակը Վրաստանով անցող տարանցիկ բեռնափոխադրումներն ապահովելն է: Նշեմ սակայն, որ վրացական կողմից Վերին Lարսի անցակետը միշտ էլ բաց է եղել: 2006 թվականին այն փակվեց Ռուսաստանի նախաձեռնությամբ», - ասել է Խվինգիան:

Սահմանամերձ շրջաններում բնակվող վրացիներից շատերն էլ պնդում են, թե իրենց անհամեմատ ավելի ապահով կզգային, եթե Ռուսաստանի հետ սահմանը փակ լիներ մինչեւ երկկողմ հարաբերությունների լիակատար կարգավորումը: «Չէ որ մենք փաստացի պատերազմի մեջ ենք, ո՞վ գիտի` էլ ինչի են ընդունակ ռուսները», - նշել է Կազբեգիի շրջանի բնակիչներից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG