Մատչելիության հղումներ

Էրդողան. «Հուսով եմ, որ Ներկայացուցիչների պալատը առողջ դատողությամբ կմոտենա ցեղասպանության բանաձեւի քննարկմանը»


Ռեջեփ Էրդողան
Ռեջեփ Էրդողան
«Ես հավատում եմ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի խելամտությանը եւ հույս ունեմ, որ Ներկայացուցիչների պալատը առողջ դատողությամբ կմոտենա Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի քննարկմանը», - թուրքական «Հյուրիեթ»-ի փոխանցմամբ, երեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը` իր ղեկավարած իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ։

«Պատմության ուսումնասիրմամբ պետք է պատմաբանները զբաղվեն, ոչ թե քաղաքական գործիչները», - հերթական անգամ պնդել է էրդողանը եւ հավելել. - «Հուսով եմ, որ այդօրինակ նախաձեռնությունները չեն վնասի թուրք - ամերիկյան հարաբերությունները, որոնք այժմ ջերմ են ավելի, քան երբեւէ»։

Ընդգծելով, որ խնդրի շուրջ բոլորովին վերջերս քննարկում է ունեցել նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ եւ ներկայացրել, թե ինչ բացասական հետեւանքներ կարող է ունենալ բանաձեւի ընդունումը, Էրդողանը հայտարարել է. - «Եվս մեկ անգամ կոչ եմ անում բոլորին` խնդրին մոտենալ սառը դատողությամբ եւ ցեղասպանության շուրջ պնդումները ուսումնասիրել համալսարաններում եւ արխիվներում, ոչ թե օրենսդիր մարմնում»։

Վերջին շաբաթվա ընթացքում սա պաշտոնական Անկարայի արդեն երրորդ կոչն է Վաշինգտոնին. նախկինում նման հայտարարություններով էին հանդես եկել Թուրքիայի արտգործնախարարությունը եւ խորհրդարանը։

Չնայած Թուրքիայի նախազգուշացումներին` Բարաք Օբամայի վարչակազմը մինչ այս պահը լռություն է պահպանում եւ որեւէ դիրքորոշում չի արտահայտում բանաձեւի հնարավոր ընդունման վերաբերյալ։

Փաստաթուղթը հինգշաբթի օրը արդեն քվեարկության է դրվելու Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, հավանության արժանանալու դեպքում` Պալատի լիագումար նիստում։

Իրադարձությունների զարգացմանը այս օրերին ուշի-ուշով հետեւում են արեմտյան գրեթե բոլոր հեղինակավոր լրատվական գործակալություններն ու Միացյալ Նահանգներում լույս տեսնող թերթերը։

«Տարիներ առաջ` 2007 թվականին, երբ նույնաբովանդակ բանաձեւը հավանության արժանացավ Ներկայացուցիչերի պալատի հանձնաժողովներից մեկում, Թուրքիան, որպես բողոքի նշան, արագորեն ետ կանչեց իր դեսպանին Վաշինգտոնից` մտավախություն սփռելով, որ կարող է նաեւ Միացյալ Նահանգների առջեւ փակել իր ռազմաբազաները, որոնք կենսական նշանակություն ունեին Իրաքում իրականացվող գործողությունների համար», - հիշեցնում է «Ասոշիեյթեդ փրես»-ը եւ նկատում. - «Թուրք պաշտոնյաները հիմա էլ սպառնում են, այս անգամ` թե բանաձեւի ընդունումը վնաս կհասցնի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը»։

«Ես հավատում եմ նախագահ Օբամայի ղեկավարությանն ու խելամտությանը, որը ուշադրությամբ հետեւում է Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու գործընթացին», - այս առնչությամբ երեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG