Մատչելիության հղումներ

Առաջին փառատոնի համեմատությամբ` երրորդ «Թատրոն X»-ը եռապատկել է մասնակիցների թիվը. մարտի 2-28-ը Հայաստանի թատերական բեմերում կլինեն 25 թատրոն 26 ներկայացմամբ, որոնք բոլորը բեմադրվել են նախորդ տարի:


Այս տարի փառատոնի անվան մեջ ավելացել է հանրապետական բառը` ընդարձակելով աշխարհագրությունը` 6 մարզային թատրոն եւ մեկն էլ Շուշիից միացել են «Թատրոն X» 2010-ին: Փառատոնի նախագահ Արա Խզմալյանը «Մաքսլիբերթի»-ին փոխանցեց, որ այս տարի մշակույթի նախարարությունն իրենց 3,5 միլիոն դրամ է հատկացրել:

«Թատրոն X»-ի կազմակերպիչների պնդմամբ` սա նաեւ բանավեճի հարթակ է. յուրաքանչյուր ներկայացումից հետո բաց քննարկում է ծավալվում` պրոֆեսիոնալների եւ հանդիսատեսի մասնակցությամբ: Արա Խզմալյանը բացատրեց, որ «ներկայացումից անմիջապես հետո կրքերը հանդարտված չեն, հանդիսատեսն ու թատերագետները` ավելի անկեղծ»:

Մարզային թատրոնները ներկայացումները խաղում են իրենց բեմերում, Երեւան չեն գալիս: Փառատոնի նախագահի կարծիքով` այսպես ոչ միայն ներկայացումն է արժեւորվում, այլեւ թատրոնի հանդեպ վերաբերմունք է ձեւավորվում: 25-30-հոգանոց մասնագիտական խմբերը մեկնում են մարզեր ու տեղում կազմակերպում քննարկումները:

Փառատոնի պրոդյուսեր Էրիկ Բարսեղյանը հիշեցնում է, որ «Թատրոն X»-ը նաեւ լավ հնարավորություն է ճանաչել, ի մի բերել մեր թատերական ռեսուրսները:
XS
SM
MD
LG