Մատչելիության հղումներ

logo-print

«Ի՞նչ անուն տալ Օսմանյան Թուրքիայի կողմից Առաջին աշխարհամարտի ժամանակ միլիոնից ավելի քրիստոնյա հայերի տեղահանմանն ու կոտորածին», - այս հարցով է սկսվում ամերիկյան CBS հեղինակավոր հեռուստակայանի կիրակի օրը հեռարձակած «60 րոպե» հաղորդաշարի հերթական թողարկումը, որը պատմում է Հայոց ցեղասպանության ու դրա շուրջ երկու ժողովուրդների միջեւ առկա տարաձայնությունների մասին։

«Հայերն ու պատմաբանների ճնշող մեծամասնությունը պնդում են, թե Թուրքիայի ղեկավարները 1915 թվականին ցեղասպանություն են իրականացրել, եւ նրանց գործողությունները օրինակ են ծառայել հրեաների դեմ Հոլոքստ ձեռնարկած Հիտլերի համար։ Մինչդեռ, թուրքերը պնդում են, թե իրենց նախնիները երբեւիցե նման ծրագիր չեն ունեցել, եւ որ իրենք էլ են տուժել համաշխարահային պատերազմի արդյունքում», - ասում է հաղորդաշարի հեղինակ Բոբ Սայմոնը եւ ընդգծում. - «Պատմական անցքերի շուրջ այս ճակատամարտի մեջ ոչ միայն երկու ժողովուրդներն են ներքաշվել, այլեւ Սպիտակ տունը եւ Կոնգրեսը, որտեղ ներկայումս շրջանառության մեջ են դրված այդ ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձեւեր»։

Շուրջ հարյուր տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մանրամասներն ու կողմերի փաստարկները ներկայացնելու համար Միացյալ Նահանգներում իր հետաքննություններով բավական հայտնի լրագրողը մեկնել է Դեր Զորի անապատ. ճամփորդության ընթացքում Սայմոնին ուղեկցել է ծագումով հայ, ամերիկացի գրող Փիթեր Բալակյանը, ում նախնիները եւս Հայոց ցեղասպանության զոհ են դարձել։

«Դեր Զորը հայերի համար նույն նշանակությունն ունի, ինչ Օսվենցիմը՝ հրեաների համար։ Ողբերգական իրադարձություններից շուրջ 95 տարի անց այստեղ ամեն քայլափոխի կարելի է կոտորածների ապացույցների հանդիպել», - փաստում է հաղորդումը՝ ի ցույց դնելով անապատով մեկ սփռված մարդկային մասունքները։

«Այն, ինչ կատարվեց 1915 թվականի գարնանից մինչեւ ամառ Օսմանյան Կայսրությունում, կառավարության կողմից լավ ծրագրավորված եւ իրականացված նախագիծ էր», - ասում է Փիթեր Բալաքյանը՝ պնդելով, որ այդ տարիներին հայերը Օսմանյան Կայսրությունում գերակա դիրքեր են զբաղեցրել ճիշտ այնպես, ինչպես հրեաները Եվրոպայում։

Հաղորդումը Դեր Զորում, Թուրքիայում եւ Հայաստանում կատարած հարցազրույցներից ու տեսագրություններից բացի ներառել է նաեւ արխիվային լուսանկարներ ու փաստեր, այդ թվում՝ կոտորածներից հետո Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի նամակը սեփական կառավարությանը։ «Ականատեսների ահասարսուռ վկայություններից պարզ է դառնում, որ մի ողջ ազգի բնաջնջում է իրագործվում», - դեսպան Հենրի Մորգենթաուի նամակից մեջբերում է ծրագրի հեղինակն ու ընդգծում. - «Մինչ օրս, սակայն, Թուրքիան եռանդուն կերպով հերքում է կազմակերպված բնաջնջում իրականացնելու մասին պնդումները»։

«Սիրիայում ավազը փորելիս մենք բազմաթիվ մարդկային ոսկորներ գտանք, ի՞նչ կասեք այս փաստարկի դեմ», - հարցնում է ամերիկացի լրագրողը Միացյալ Նահանգներում Թուրքիայի նախկին դեսպան Նամի Սենսոյին։

«Մարդկային ոսկորներ դուք Թուրքիայում շատ տեղերում կարող եք հանդիպել, այդ հողերում բազմաթիվ ողբերգություններ են տեղի ունեցել», - հակադարձում է դիվանագետը։ - «Ներեցեք, սակայն մենք այդ ոսկորները հայտնաբերեցինք Դեր Զորում, որը հայերը Օսվենցիմի հետ են համեմատում», - շեշտում է լրագրողը։ - «Չեմ կարծում, թե որեւէ բան կարող է համեմատվել Օսվենցիմի հետ», - պատասխանում է թուրք դիվանագետն ու ընդգծում. - «Տեղի է ունեցել միայն տեղահանություն։ Հայերը զանգվածաբար չեն կոտորվել եւ բնաջնջվել։ Նրանք տեղահանվել են, եւ այդ ճանապարհին տեղի են ունեցել ողբերգական իրադարձություններ»։

«Օսմանյան Կայսրությունից հետո, ժամանակակից Թուրքիայի հիմնադրմամբ ողջ հիշողությունը՝ հայերի կետ կատարվածի մասին, ջնջվեց», - շարունակում է ամերիկացի լրագրողը եւ մանրամասնում. - «Փաստերը ոչնչացվել են, ցեղասպանություն բառի օգտագործումը դարձել է քրեորեն պատժելի արարք»։

«Հրանտ Դինքը, ով Թուրքիայում հայալեզու օրաթերթ էր խմբագրում, 3 անգամ դատարանի առջեւ է կանգնել՝ թուրք ժողովրդի ինքնությունը վիրավորելու մեղադրանքով։ Նա նաեւ հազարավոր մահվան սպառնալիքներ էր ստանում ազգայնականներից, մինչեւ սպանվեց մի քանի տարի առաջ՝ սեփական խմբագրությունից դուրս գալիս», - պատմում է լրագրողը - «Շատ հայեր Հրանտ Դինքին Ցեղասպանության ամենավերջին զոհերից մեկն են համարում»։

Տեսանյութի ավարտին լրագրողն անդրադառնում է հարցին, թե ինչո՞ւ մինչ օրս Միացյալ Նահանգները 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն չի ճանաչել։

«Երկու տարի առաջ Կոնգրեսում շրջանառության մեջ էր դրված համապատասխան բանաձեւը, որը, սակայն, չընդունվեց՝ Ջորջ Բուշի վարչակազմի հորդորներից հետո, որին միացան նաեւ Միացյալ Նահանգների նախկին ութ պետքարտուղարները։ Նրանք գնացին այդ քայլին՝ մատնացույց անելով այն կարեւորությունը, որը ներկայացնում է Թուրքիան ԱՄՆ-ի համար», - ընդգծել է Միացյալ Նահանգներում Թուրքիայի նախկին դեսպանը՝ մանրամասնելով. - «Երկու երկրների հարաբերությունների օրակարգում կարեւորագույն հարցերի բավական երկար շարան կա, որն ավելի կարեւոր է քան Հայկական հարցը»։

«Անցած տարեվերջին Միացյալ Նահանգների աջակցությամբ Հայաստանն ու Թուրքիան համաձայնության եկան դիվանագիտական կապերը վերականգնելու շուրջ՝ մեկ հիմնական պայմանով, որ ստեղծվի պատմաբանների հանձնաժողով, որը կքննի՝ արդյո՞ք տեղի է ունեցել ցեղասպանություն, թե ոչ։ Համաձայնությունից վեց ամիս անց գործարքը կարծես փակուղի է մտել, մինչդեռ ցեղասպանություն բառն օգտագործելու շուրջ պայքարը դեռ հեռու է վերջակետից», - հաղորդման ավարտին ընդգծում է ամերիկացի լրագրողը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG