Մատչելիության հղումներ

logo-print

Եվրամիության պատվիրակությունը հանդիպել է «Ժառանգության» ներկայացուցիչների հետ


Հայաստանի Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը եւ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այսօր Եվրամիության հայաստանյան գրասենյակում հանդիպել են Եվրամիությունում նախագահող Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսի ղեկավարած պատվիրակությանը:

Կուսակցության գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն` հանդիպման ժամանակ ընդդիմադիր պատգամավորները հակիրճ փոխանցել են Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության վերաբերյալ վերլուծություն եւ տեղեկատվություն: «Նրանք, մասնավորապես, անդրադարձան քաղաքական կուսակցությունների գործունեության համար մարտահրավեր մնացող այնպիսի խնդիրների, ինչպիսիք են` մարտի 1-ի չբացահայտված ոճրագործությունն ու կատարված հանցագործությունների համար անպատիժ մնացած պաշտոնյաներն ու անձինք, բանտերում առկա 13 քաղբանտարկյալները, էլեկտրոնային լրատվամիջոցների անմատչելիությունն ընդդիմադիր կուսակցությունների համար, հանրահավաքների, երթերի, ցույցերի կազմակերպման մասին օրենսդրության կոպիտ խախտումները եւ այլն», - ասված է հաղորդագրությունում:

Միգել Անխել Մորատինոսի խնդրանքով ներկայացնելով կուսակցության դիրքորոշումը հայ - թուրքական գործընթացի եւ արձանագրությունների վերաբերյալ, «Ժառանգության» ներկայացուցիչները անվստահություն են հայտնել ներկա մեթոդաբանությանը` իբրեւ հայ - թուրքական հարաբերությունների նորմալացման տանող ուղի, եւ հրամայական են համարել հաշտեցման համալիր մոտեցումը, որով հիմնարար լուծում կստանան անցյալի ու ներկայի բոլոր բաժանարար հարցերը:

Մորատինոսը ողջունել է «Ժառանգության» ժողովրդավարական եռանդուն գործունեությունը` «հուսադրելով, որ ԵՄ - Հայաստան հարաբերությունների խորացման արդյունքում տարեցտարի կբարելավվի ընդդիմության գործունեության միջավայրն ու իրավունքները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG