Մատչելիության հղումներ

Իսպանիան հույս ունի խթանել Հայաստան – Եվրամիություն հարաբերությունները


Եվրամիությունում Իսպանիայի նախագահության օրոք մենք պետք է արագացնենք Հայաստանի հետ ասոցացված պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունների մեկնարկը, եւ հույս ունեմ, որ արդեն մարտ ամսվա ընթացքում մենք ձեզ այդ կապակցությամբ ուրախ լուր կհայտնենք։ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում երեքշաբթի օրը Երեւանում այս մասին հայտարարեց Իսպանիայի արտաքին գործերի եւ համագործակցության հարցերով նախարար Միգել Անխել Մորատինոսը:

Ասոցացման պայմանագիրը գործընկերության առավել լայն հեռանկարներ է խոստանում Հայաստանին, նախատեսելով զգալիորեն ազատականացված վիզային ռեժիմ Եվրամիության անդամ երկրների հետ: Հատուկ կարեւորելով այս հանգամանքը՝ Իսպանիայի արտգործնախարարը վստահեցրեց, որ այդ նպատակի իրականացման շրջանակում հնարավորինս արագացվելու են բոլոր անհրաժեշտ գործնական եւ անվտանգության ապահովմանը միտված գործողությունները:

Ընդգծելով Հայաստանի ու Եվրոպայի շահերի ընդհանրության պատմական հենքի առկայությունը, Իսպանիայի արտգործնախարարը հետեւյալ ամփոփիչ գնահատականը տվեց կողմերի համագործակցության ներկայիս մակարդակին. - «Այսպիսով, հարաբերությունների նոր փուլ է բացվել Հայաստանի ու Եվրամիության միջեւ»։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ, Միգել Անխել Մորատինոսը հայտարարեց, թե Եվրամիությունը քաջալերում է կողմերին` հավատարիմ մնալ արդեն ստանձնած պարտավորություններին եւ վավերացնել արձանագրություններն առանց նախապայմանների ու խելամիտ ժամկետում:

«Եվրամիությունն աշխատելու է կողմերի հետ եւ ջանքեր է գործադրելու` հայ-թուրքական մերձեցման համար բարենպաստ մթնոլորտի ստեղծման նպատակով, քանի որ սա պատմական շրջադարձ է, ինչում Եվրամիությունը ցանկանում է ներգրավված լինել», - ասաց Իսպանիայի արտգործնախարարը՝ հավելելով. - «Մենք բոլորս շատ երջանիկ էինք` Ցյուրիխում տեսնելով արձանագրությունների ստորագրումը։ Եկեք շարունակենք այդ գործն ու կյանքի կոչենք դրանք: Ահա այն ուղերձը, որ Եվրամիությունը հղում է ձեզ»։

Հայաստանի արտգործնախարարի մեկնաբանությունների տոնայնությունը, մինչդեռ, այնքան էլ լավատեսական չէր: Թուրքիայի վարչապետ Էրդողանի այն հայտարարությանը, թե մարտի 4-ին կամ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հետ կապված սխալ քայլերը կկացնահարեն հայ-թուրքական գործընթացը, Հայաստանի արտգործանախարար Էդվարդ Նալբանդյանն այսպես արձագանքեց. - «Գիտեմ այդ հայտարարության մասին, որը վերաբերում է ամերիկյան Կոնգրեսի հնարավոր որոշումներին։ Կարող եմ ասել հետեւյալը. Թուրքիայում հնչող հայտարարություններն են, որոնք հարվածում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին»։

Նաեւ դեպի նախապայմաններով խոսելուն վերադարձն է, որ հարվածում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ասաց Էդվարդ Նալբանդյանը՝ հավելելով. - «Հուսով ենք, որ Թուրքիան կձերբազատվի այն արհեստական բարդույթներից, որ թուրքական կողմը ստեղծում է, եւ մենք հնարավորություն կունենանք շարժվել առաջ»։

Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման գործընթացին, Իսպանիայի արտգործնախարարը հիշեցրեց, որ 2007 թվականին հենց իր երկրի մայրաքաղաքում` Մադրիդում ճշգրտվեցին կարգավորման Մադրիդյան սկզբունքները, եւ ուղենշվեց այն ճանապարհը, որով պետք է բանակցություններն առաջ ընթանան: Այդ ճանապարհը, Մորատինոսի ներկայացմամբ, բնութագրվում է հետեւյալ տարրերով` խաղաղ բանակցություններ Մինսկի խմբի շրջանակում եւ հավատարմություն միջազգային օրենքի տառին:

«Եվրամիությունը մեծապես աջակցում է այս գործընթացին` նպատակ ունենալով բարենպաստ միջավայր ստեղծել դրա առաջխաղացման համար», - ասաց Միգել Անխել Մորատինոսը:

Իսպանացի լրագրողի հարցին, թե ի՞նչ կերպ կարող է Եվրամիությունը օգտակար լինել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում, էդվարդ Նալբանդյանը պատասխանեց. - «Դուք գիտեք, որ Հելսինկիում դեռ 2008 թվականի դեկտեմբերին արվեց 56 երկրների արտգործնախարարների հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ, արվեց նաեւ Եվրամիության հայտարարությունը, երբ որ կոչ էր արվում հրադադարի ամրապնդման եւ դիպուկահարների դուրս բերման մասին։ Մինչ այսօր հրադադարի ամրապնդման եւ դիպուկահարների դուրս բերման հարցը մնացել է օդում կախված։ Ինչո՞ւ։ Հայաստանը եւ Ղարաբաղը իրենց համաձայնություն են տվել, Ադրբեջանը՝ ոչ։ Ի՞նչ է անում Ադրբեջանը. ռազմատենչ հայտարարություններ է անում համարյա ամեն օր։ Ի՞նչ կարող է անել Եվրամիությունը, որպեսզի այսպիսի հայտարարությունները չխանգարեն գործընթացին»։

էդվարդ Նալբանդյանը նաեւ հաստատեց, որ ռուս-վրացական սահմանային «Վերին-Լարս» անցակետի բացման բանակցություններն իսկապես կայացել են Հայաստանի միջնորդությամբ: «Այսօր, երբ անցակետն արդեն գործում է, կարելի է ասել, որ դա մեծ հաջողություն է առաջին հերթին Վրաստանի, Ռուսաստանի եւ, իհարկե, նաեւ Հայաստանի համար», - ասաց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը այսօր նաեւ հանդիպումներ է ունեցել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի եւ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG