Մատչելիության հղումներ

logo-print

Ահմեդ Դավութօղլու. «Միայն հայ - թուրքական հաշտությունը բավական չէ տարածաշրջանի խաղաղության եւ կայունության համար»


Ահմեդ Դավութօղլու

Ահմեդ Դավութօղլու

Պաշտոնական Անկարայի արտաքին քաղաքականության վեց սկզբունքներին եւ երեք յուրահատկություններին է անդրադարձել Թուրքիայի արտգործնախարար, պրոֆեսոր Ահմեդ Դավութօղլուն «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» հանդեսի երկուշաբթի օրվա համարում հրապարակած ծավալուն հոդվածում:

Այդ սկզբունքներից առաջինը, ըստ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի, ազատության եւ անվտանգության հաշվեկշռի հստակեցումն է` չի կարելի անվտանգությունն ապահովել ազատության հաշվին եւ հակառակը։

Երկրորդ` տարածաշրջանային բոլոր ուժերը պետք է ներգրավվեն խաղաղության գործընթացում։

Երրորդ` Անկարան հարեւան տարածաշրջաններում արդյունավետ դիվանագիտություն է իրականացնում։

Չորրորդ` Թուրքիան ձգտում է համաշխարհային դերակատարների հետ փոխլրացնող գործողությունների։

Հինգերորդ` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուծումը խթանելու համար հարկ է արդյունավետ կերպով կիրառել միջազգային ֆորումներն ու նոր նախաձեռնությունները, այս տեսակետից պետք է գնահատել Թուրքիայի ազդեցությունը ՄԱԿ-ում, ՆԱՏՕ-ում, Իսլամական համագումարում։

Վեցերորդ սկզբունքը հիմնվում է վերը նշված հինգի վրա եւ ենթադրում է Թուրքիայի նոր կերպարի ստեղծում, որը պետք է նվաճել հասարակական դիվանագիտության եղանակով։

Երեք յուրահատկություններից առաջինն այն է, որ Թուրքիան արտաքին ասպարեզում կողմնորոշվում է ոչ թե դեպի ճգնաժամեր, այլ դեպի ապագա աշխարհակարգի տեսլականն ու երազանքը, երկրորդ` ի հայտ եկած վտանգներին արձագանքելու փոխարեն պաշտոնական Անկարան առաջարկում է դրանց կարգավորման ստեղծագործական մոտեցումներ, երրորդ` Անկարայի արտաքին քաղաքականությունը ունի համակարգային բնույթ եւ ներառում է միջազգային խնդիրների ամբողջական համալիրը։

Թվարկելով այդ սկզբունքներն ու յուրահատկությունները` Թուրքիայի արտգործնախարարը անդրադառնում է Հարավային Կովկասի տարածաշրջանին ու, մասնավորապես, Հայաստանի հետ հարաբերություններին, գրելով, թե միայն հայ - թուրքական հաշտությունը բավական չէ բազմաչարչար տարածաշրջանի խաղաղության եւ կայունության համար։

«Հայաստանի կողմից Ադրբեջանի վեց շրջանների գրավումը դժվարացրել է հետագա համագործակցությունը տարածաշրջանային եւ համաշխարհային ծավալով», - գրել է Դավութօղլուն եւ ափսոսանք հայտնել, որ երկարատեւ կոնֆլիկտի լուծում դեռ չկա։

Միաժամանակ, Թուրքիայի արտգործնախարարը «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» հանդեսում հրապարակած հոդվածում փաստում է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբն է միակ միջազգային գործիքը, որն ի զորու է կողմերին համոզել` կատարելու կոնկրետ քայլեր տարաձայնությունները վերացնելու եւ համաձայնության հասնելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG