Մատչելիության հղումներ

Մարտի 2-ի մամուլ


«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Կոնգրեսի մարտիմեկյան հանրահավաքը հանրությանը քաղաքական պայքարի իմաստով որեւէ նոր բան չավետեց: «Որքան էլ ավազակապետությունն իրեն ապահով զգա եւ որքան էլ ինքնավստահ ձեւանա, միեւնույն է, ժողովրդական ըմբոստության կուտակվող լիցքի եւ իր ուժերից վեր խնդիրների ճնշման ներքո, մեկ օրում փուլ է գալու: Մեր պարտքն է, արդ, պատրաստ լինել այդ օրվան` երկրի կորուստները նվազագույնի հասցնելու եւ պետությունն անկառավարելի վիճակի չմատնելու համար», - հայտարարեց Կոնգրեսի առաջնորդը: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի այդ հայտարարությունը փորձենք ներկայացնել ներկայումս բավական մոդայիկ դարձած մարզական, ֆուտբոլային տերմինաբանությամբ, ապա ակնհայտ է, որ Հայ ազգային կոնգրեսը ներկայումս նախընտրում է խաղալ, այսպես ասած, երկրորդ համարով` վստահ լինելով, որ մրցակիցը չունի առաջին համարով արդյունավետ խաղ վարելու ռեսուրս եւ վաղ թե ուշ ձախողվելու է: Թե որքանով է այդ հաշվարկը, այդ մարտավարությունն արդարացված` այժմ ասելը բավական դժվար է: Բայց մյուս կողմից` ակնհայտ է նաեւ, որ դա ձախողված մարտավարություն չէ, եւ այն, թե ինչպես են իշխանությունները իրար խառնվում Կոնգրեսի յուրաքանչյուր հանրահավաքի կամ երթի ժամանակ, վկայում է, որ իշխանություններն իրենք էլ կարծես թե հասկանում են, որ «երկրորդ համարով» խաղացող Կոնգրեսը գուցե ավելի վտանգավոր է»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Ցանկացած նորմալ երկրում հասարակությունը մտածում է մոտավորապես այսպես. կա իշխող քաղաքական ուժ, կան այլ քաղաքական ուժեր, եւ պետք է քննարկել` արդյո՞ք ընդդիմությունն ավելի լավ կղեկավարի երկիրը, թե՞ իշխանություններն ամեն դեպքում ավելի նախընտրելի են: Ցանկացած նորմալ երկրում սա ներքաղաքական կյանքի առանցքային հարցն է, մինչդեռ Հայաստանում նման հարց ընդհանրապես դրված չէ, հասարակությունն այդ հարցն ընդհանրապես չի քննարկում: Մեր հասարակությունը բոլորովին այլ հարց է քննարկում. հնարավո՞ր է «սրանցից ազատվել», թե՞ հնարավոր չէ: Այսինքն` հասարակության համար նպատակահարմարության խնդիրը վաղուց քննարկման ենթակա չէ: Ընդ որում, այդ հարցի պատասխանը, եթե վկարելի է այսպես ասել, իշխանությունների օգտին է, որովհետեւ քննարկումների արդյունքում առավել հաճախ մարդիկ այն եզրակացությանն են հանգում, որ «մեկ ա, ոչ մի բան էլ չի լինի»:

«Ազգ»-ը նույնպես քննարկում է մարտի 1-ի խորհուրդը` գրելով. - «Որեւէ ԵԽԽՎ-ի, որեւէ Պրեսկոտի կամ Կոլոմբիեի զեկույց առ ոչինչ է այն զգացողության ու սարսափի դեմ, որ սեփական երկրիդ մայրաքաղաքում կարող է թափվել հայ մարդկանց արյունը, եւ դա հնարավոր չեղավ կանգնեցնել: Առավել եւս` որ ոչ մի կառույց չանվանեց մարդասպաններին, նրանք ու նրանց դրդողները մնացին չբացահայտման քողի ներքո: Մեղքի ու մեղավորության զգացումը չի լքում մեզ, անգամ հիմա, երկու տարի հետո, ու որքան էլ թաքնվենք տարբեր արդարացումների հովանու ներքո, յուրաքանչյուրիս հոգու արդար ընդվզումը հիշեցնելու է մեզ, որ չարեցինք այն ամենը, ինչ պետք էր` կանգնեցնելու համար արյունահեղությունը»:

«Առավոտ»-ի խմբագիրը հիշում է. - «Այնուամենայնիվ, [Սումգայիթի] հանցագործությունների անմիջական կատարողներն իրենց պատիժը կրեցին` գուցեեւ, մեր տեսանկյունից, մեղմ: Խորհրդային իրավապահ համակարգը գոնե այդքան պարտաճանաչ գտնվեց` հայտնաբերելով եւ պատժելով մարդասպաններին` չնայած շահագրգռված էր ամեն ինչ կոծկել եւ պահպանել «ժողովուրդների բարեկամության» միֆը: Անկախ Հայաստանի իրավապահները նույնիսկ այդ չափի պարկեշտություն չդրսեւորեցին եւ զուտ քաղաքական պատճառներով չբացահայտեցին հայկական պետության մայրաքաղաքի կենտրոնում 10 հայերի սպանությունը: «Ընդդիմությունը շահարկում է մարտի 1-ի զոհերի խնդիրը». սա է իշխանությունների ստանդարտ պատասխանը: Ենթադրենք, այդպես է: Դե, բացահայտեք, որ չշահարկի: Եվ հետո` ի՞նչ կապ ունի իշխանամետ կամ ընդդիմադիր լինելը, երբ քաղաքացին պահանջում է, որ հանցագործությունը բացահայտվի: Այնպես որ, խորհրդային դատախազներին քննադատելուց առաջ եկեք քննարկենք մերոնց գործունեությունը: Ինչո՞ւ ենք մենք, ասենք, Ալեքսանդր Կատուսեւից պահանջում հայերի նկատմամբ ավելի հոգատար վերաբերմունք, քան մեր հայրենակից Աղվան Հովսեփյանից»:

«Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը Դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանին հարցնում է. - «Մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կքննարկի հերթական հայկական բանաձեւը: Ի՞նչն է այս անգամ աննախադեպ»: Պատասխան. - «Ի վերջո, ոչինչ էլ աննախադեպ չէ: ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջիկա քննարկումներն աննախադեպ են այնքանով, որ առաջինն են լինելու Հայաստան - Թուրքիա բանակցությունները սկսելուց եւ արձանագրությունները ստորագրելուց հետո: 252 բանաձեւի նույն բովանդակությամբ այլ հայկական բանաձեւեր հանձնաժողովը քննարկել է 2000, 2005 եւ 2007 թվականներին եւ տվել է իր դրական եզրակացությունը: Եթե բանաձեւն այս անգամ էլ ստանա հանձնաժողովի դրական եզրակացությունը, ապա պատրաստ կլինի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի քննարկմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG