Մատչելիության հղումներ

«Մարտի 1»-ի զոհերի մահվան հանգամանքների բացահայտման համար Հատուկ քննչականը սպասում է հանրության աջակցությանը


Երեւան, 1-ը մարտի, 2008թ.
Երեւան, 1-ը մարտի, 2008թ.

Մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով զոհված 10 անձանց մահվան հանգամանքների եւ բուն հանցագործներին բացահայտելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է, եւ նախաքննական մարմինը շարունակում է սպասել հանրության աջակցությանը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդ մասին ասաց Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վահագն Հարությունյանը:

Անցյալ ամսվա վերջին էլ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն էր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել , որ Հայաստանի իրավապահ մարմինները արել են հնարավոր ամեն ինչ 2008 թվականի հետընտրական իրադարձությունների իրական պատկերը վերհանելու համար, կատարվել է ահռելի աշխատանք, սակայն հանրությունը բավարար չափով չի աջակցում նախաքննության մարմնին:

Ազգային ժողովի փոխնախագահ, մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, իր հերթին, չհամաձայնեց «Ազատություն» ռադիոկայանի այն դիտարկմանը, որ առայսօր ամբողջությամբ չեն բացահայտվել 10 զոհերի մահվան հանգամանքները: Նրա խոսքով, մասնավորապես, հայտնի է հատուկ միջոցներից սպանված զոհերի թիվն ու նաեւ այն ոստիկանների շրջանակը, ովքեր կիրառել են հատուկ միջոցները:

«Հանցագործությունը բացահայտված է, ես ձեր տեսակետին չեմ, հայտնի է` ովքեր են կիրառել [հատուկ միջոցները], եւ գիտենք այն շրջանակները, որոնց գործողությունների արդյունքում, ասենք, վիրավորներ կան եւ զոհեր կան», - ասաց Նիկոյանը` հավելելով. - «Բայց այն, որ մենք կոնկրետ պետք է կարողանայինք ճշտեինք` ում գործողությունների արդյունքում է կոնկրետ անձը սպանվել, մահ պատճառվել նրան` այ դա չկարողացանք»:

Ու թեեւ հայտնի է այն չորս ոստիկանների ինքնությունը, ովքեր հատուկ միջոց են կիրառել, սակայն, ինչպես նշեց Սամվել Նիկոյանը, հայտնի չէ եւ դեռեւս հնարավոր չէ պարզել, թե նրանցից որ մեկի արձակած կրակոցից կոնկրետ ովքեր են զոհվել կամ վիրավորվել: Իսկ քանի դեռ չկա այս հարցի պատասխանը, հնարավոր չէ նաեւ կոնկրետ անձանց կոնկրետ արարքի համար պատասխանատվության ենթարկել:

Մինչեւ մարտի 17-ը Ազգային ժողովը, մասնավորապես` պետաիրավական հարցերի հանձնաժողովը պետք է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներին ներկայացնի մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի հրապարակած առաջարկների իրականացման ժամանակացույցն ու անհրաժեշտ քայլերի ճանապարհային քարտեզը:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Դավիթ Հարությունյանի վկայությամբ` համազեկուցողներին ժամանակին կներկայացվի պահանջվող փաստաթուղթը: Նա հայտնեց, որ կառավարությունից արդեն ստացել են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, եւ հանձնաժողովի շրջանակներում ձեւավորված աշխատանքային խումբը այս պահին աշխատում է «ճանապարհային քարտեզ» կոչվող փաստաթղթի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG