Մատչելիության հղումներ

Ջհանգիրյանը «ծիծաղելի» է համարում մարտիմեկյան սպանությունների բացահայտման անհնարինության մասին պնդումները


Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Գագիկ Ջհանգիրյանը «ծիծաղելի» է որակում մարտիմեկյան սպանությունների դեպքերը բացահայտելու անհնարինության մասին պնդումները։

Օրերս գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարել էր, թե 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների արդյունքում զոհված 10 անձանց սպանության հանգամանքները բացահայտելու համար քննչական մարմիններն ամեն ինչ արել են, անգամ դիմել են միջազգային կառույցներին եւ ստացել մերժում կամ անհնարինության մասին պատասխանները։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գլխավոր դատախազի նախկին տեղակալը հայտարարեց, որ խնդիրը քննչական մարմինների անբավարար հմտությունների մեջ չէ։

«Նրանք [քննչական մարմինները] այդպիսի բացահայտման քաղաքական թույլտվություն չունեն։ Եթե լինի այդպիսի թույլտվություն, վստահեցնում եմ ձեզ, շատ կարճ ժամանակում այդ 10 սպանությունների կեսից ավելին կբացահայտվի», - ասաց Ջհանգիրյանը՝ հավելելով. - «Չեն բացահայտելու ո՛չ այդ սպանությունները, ո՛չ մարմնական վնասվածքների պատճառման այդ հարյուրավոր, հազարավոր դեպքերը։ Չեն բացահայտելու, որովհետեւ դրանց հետեւում կանգնած են նույն իշխանությունները, ոչ թե ընդդիմությունը»։

Հիշեցնելով, որ մարտիմեկյան դեպքերի օրերին ամեն օր հաղորդվում էր, որ հարյուրավոր զինծառայողներ ու ոստիկաններ ստացել են մարմնական վնասվածքներ, որոնց զգալի մասը հրազենային ու բեկորային վնասվածքներ էին՝ գլխավոր դատախազի նախկին տեղակալը հարցնում է՝ ո՞ւր են այդ տուժողները, ո՞ր գործով են անցնում, եւ նրանց վնասվածքներ պատճառելու համար ո՞ւմ են մեղադրել մինչ այժմ։ Ըստ նրա, ակնհայտ է, որ վիրավորները այդ վնասվածքները ընդդիմադիրների կողմից գործադրված զենք-զինամթերքից չեն ստացել, որովհետեւ որեւէ ընդդիմադիրի զենք կիրառելու հոդվածով մեղադրանք այդպես էլ չի առաջադրվել եւ ոչ ոք դրա համար չի դատապարտվել:

«Ուրեմն դրանց հեղինակները հենց նույն ոստիկանության, ներքին զորքերի, կամ ապօրինի զինված բանդաների կամ էլ զինված ուժերի այլ ստորաբաժանումների զինծառայողներն են եղել։ Ուրեմն իշխանության ներկայացուցիչներն են եղել, որ նրանք մինչեւ հիմա չկան», - վստահեցնում է Ջհանգիրյանը։

Անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի 2008 թվականի փետրվարի 23-ին արձակած գաղտնի հրամանին, որի մի քանի կետեր հրապարակվել են մամուլում, նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը այն որակեց «ապօրինի». - «Զինված ուժերի կիրառման կամ գործադրման որոշում կարող է կայացնել միայն հանրապետության նախագահը՝ [Սահմանադրության] 55 հոդվածի 13-րդ կետի համաձայն, այդ կետն էլ հստակ թվարկում է, թե որ դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման դեպքն է, կամ այդպիսի հարձակման անմիջական վտանգի առկայության դեպքն է, կամ պատերազմ հայտարարվելու դեպքում է։ Ընդ որում, այդ երեք դեպքերում էլ նախօրոք պետք է հայտարարվեր ռազմական դրություն, հետո նոր զինված ուժերի կիրառման կամ գործադրման որոշում ընդունվեր։ Առավել եւս՝ այդ որոշումը պետք է ընդունվեր միմիայն հանրապետության նախագահի, այսինքն՝ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից։ Բնական է, որ պաշտպանության նախարարը նման իրավունք չի ունեցել: Շատ լավ հասկացել է, որ դա ապօրինություն է, ուստի նաեւ էդպիսի «հույժ գաղտնի» գրիֆով փորձել են քողարկել»:

Նշելով, որ հրամանի՝ վերջերս հրապարակված 5-րդ կետը գալիս է հիմնավորելու, որ հրամանի ընդունումը կապված չի եղել հայ - ադրբեջանական սահմանին լարվածության հետ, Ջհանգիրյանը ակնհայտ է համարում, որ հրամանը միտված է եղել ներքաղաքական զարգացումներում Զինված ուժերի ներգրավմանը։ Եթե փետրվարի 23-ից մարտի 1-ը այդ ստորաբաժանումների ներկայությունը ակնհայտ չի եղել, ապա մարտի 1-ի կեսօրից, նրա պնդմամբ, զորամասերն արդեն եղել են Երեւանում. - «Մինչեւ նույնիսկ արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահի հրամանը նրանք արդեն իսկ մասնակցություն են ունեցել այդ իրադարձություններին»:

«Քննչական մարմիններն ու դատախազությունը արել են ամեն ինչ` իշխանական վարկածը ապացուցելու համար, բայց մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ իշխանական վարկածն ամբողջովին տապալվել է, եւ այդ վարկածից կամ մեղադրանքներից որեւէ բան առայսօր հաստատված չէ», - հավելեց Գագիկ Ջհանգիրյանը, ով նաեւ Սամվել Նիկոյանի գլխավորած նախկին խորհրդարանական հանձնաժողովի զեկույցն է համարում իշխանական վարկածը հաստատելու կամ իշխանություններին միջազգային ատյաններում «սպիտակ երեսով» ներկայացնելու փորձ:

«Լուրջ չեմ վերաբերվում ո՛չ Նիկոյանի զեկույցին, ո՛չ էլ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի մոնիթորինգի լիազորությանը, որովհետեւ դրանք նույն կառույցի տարբեր մասերն են։ Էդ ինչ է արել Նիկոյանի հանձնաժողովը, որ Դավիթ Հարությունյանն էլ պիտի հսկի։ Դավիթ Հարությունյանը եվրոպացիների հետ լավ է առնչվում, մտածում է՝ մինչեւ հիմա հաջողացրել են բոլոր հարցերը կոծկել, սղղացնել եւ այլն, էս էլ կհաջողվի....Ամեն ինչ մեզանից է կախված, եվրոպացիներն էլ մեզ են նայում. եթե մենք համակերպվենք, եվրոպացիք էլ շատ ուրախ կլինեն, կգան էստեղ, կուտեն - կխմեն, նվերներն էլ կվերցնեն, կգնան», - հայտարարեց Ջհանգիրյանը:
XS
SM
MD
LG