Մատչելիության հղումներ

Լրացավ մարտի 1-ի իրադարձությունների երկրորդ տարին


Երեւան, 1-ը մարտի, 2008թ.
Երեւան, 1-ը մարտի, 2008թ.

Երկուշաբթի օրը լրանում է մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների երկրորդ տարին: Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է տարելիցը նշել Երեւանի Մատենադարանին հարող տարածքում անցկացվելիք հանրահավաքով:ԼՐԱՑՎԱԾ

2008ի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ սկսվեցին զանգվածային
Երեւան, 1-ը մարտի, 2008թ.
միջոցառումներ, նստացույց եւ հացադուլ Երեւանի Ազատության հրապարակում, որոնց մասնակիցները բողոքարկում էին ընտրությունների պաշտոնական արդյունքները: Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ցրեց ցուցարարներին: Այդուհանդերձ, բողոքի ակցիան շարունակվեց Մյասնիկյանի արձանի հարեւանությամբ, ինչին հաջորդեց ցուցարարների բախումը ոստիկանության հետ: Երեկոյան սկսված եւ մարտի լույս 2-ի գիշերը շարունակված բախման հետեւանքով զոհվեց 10 մարդ, այդ թվում` 2 զինվորական: Հայտարարվեց հատուկ դրություն, ձերբակալվեցին ընդդիմության հարյուրավոր ներկայացուցիչներ:

Մինչ օրս բացահայտված չեն 10 զոհերի սպանության հանգամանքները, պատժված չեն սպանության մեղավորները:

Այսօր դեռեւս անազատության մեջ են հետընտրական իրադարձությունների առնչությամբ կալանավորված` Հայ ազգային կոնգրեսի 12 ակտիվիստներ:

Մարտիմեկյան իրադարձություններից երկու տարի անց էլ հասարակությունը երկփեղկված է, ընդդիմության հանրահավաքները եւ բողոքի ակցիաները շարունակական բնույթ են կրում:

«Բնականաբար, մենք այսօր պետք է անցկացնեինք հանրահավաք, եւ մենք օգտագործելու ենք այդ առիթը` ծրագրային դրույթներով հանդես գալու եւ ներկայացնելու մեր առաջիկա անելիքները», - երկուշաբթի օրը անցկացվելիք հանրահավաքի մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասաց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը: - «Հանրահավաքում մենք կխոսենք ոչ միայն մեր անելիքների մասին, այլ նաեւ գնահատական կտրվի իշխանության գործունեությանը վերջին ժամանակաշրջանում, Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակի կտրուկ վատթարացմանը»:

Նա վստահեցրեց, որ հանրահավաքի ժամանակ ներկայացվելու են Հայ ազգային կոնգրեսի գործունեության նոր մոտեցումներ. - «Հանրահավաքը եւ մարտի 1-ը պատեհ առիթ է, որպեսզի մենք խոսենք մեր անելիքների մասին, մեր մարտավարական եւ ռազմավարական մոտեցումները ներկայացնելու վերաբերյալ»:

«Վերջերս հրապարակվեց Հայ ազգային կոնգրեսի «100 քայլ»-ը: Ի՞նչ է դա նշանակում, դուք որոշել եք հրաժարվե՞լ իշխանափոխության գաղափարից եւ իրավիճակը փոխել քայլ առ քա՞յլ», - այս հարցին ընդդիմադիր գործիչը արձագանքեց. - «Հայաստանում որեւէ դրական փոփոխություն չեն արել այս իշխանությունները, որ մենք հրաժարվեինք այդ քայլից: Հակառակը, ավելի քան երբեւէ մենք վճռական ենք եւ հետեւողական ենք` գնալու իշխանափոխությանը, եւ հանրահավաքի ժամանակ մենք խոսելու ենք մեր քայլերի մասին, մեր մոտեցումների մասին` գնալու իշխանափոխությանը Հայաստանում»:

«Այն պարագայում, երբ կոլապսի մեջ է գտնվում իշխանությունը, մասնավորապես` տնտեսական ոլորտում, այն պայմաններում, երբ Հայաստանը աշխարհի ռեկորդակիրն է տնտեսական անկման ցուցանիշներով, եւ կառավարությունը չտեսնելու է տալիս այն բազմաթիվ խնդիրները, որ կան Հայաստանում, մենք ներկայացրեցինք հանրությանը 100 քայլից բաղկացած տնտեսական ծրագիր, որը, կարծում եմ, շատ պրագմատիկ մոտեցում է եւ ելք է Հայաստանում տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար», - ասաց Վլադիմիր Կարապետյանը:

«Սպասո՞ւմ եք, որ հանրահավաքի եւ երթի անցկացման ժամանակ իշխանությունների կողմից խոչընդոտներ կհարուցվեն», - այս հարցին Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը պատասխանեց. - «Ոչ, չեմ սպասում, կարծում եմ` ոստիկանությունը, որը աչքի է ընկել նրանով, որ վերջին շրջանում խոսքի տերը չէ եւ հեղինակազրկված է ծայրից ծայր, այս անգամ խոհեմ կգտնվի եւ կապահովի հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG