Մատչելիության հղումներ

logo-print

Երեւան է ժամանում Եվրամիության բարձրաստիճան պատվիրակությունը


Միգել Անխել Մորատինոս

Միգել Անխել Մորատինոս

Երկուշաբթի երեկոյան Երեւան է ժամանում Եվրամիության բարձրաստիճան պատվիրակությունը՝ կառույցում ներկայումս նախագահող երկրի՝ Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսի ղեկավարությամբ։ Հայաստանյան ղեկավարության հետ պատվիրակության հանդիպումները կսկսվեն երեքշաբթի առավոտյան:ԼՐԱՑՎԱԾ

Իսպանիայի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն, պատվիրակության կազմում են Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Քեթրին Էշթոնը եւ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբին։

«Եվրամիության արտգործնախարարի եւ կառույցում ներկայումս նախագահող երկրի՝ Իսպանիայի արտգործնախարարի այցը նպատակ ունի տարածաշրջանին փոխանցել պաշտոնական Բրյուսելի ուղերձը առ այն, որ երեք երկրները գերակայություն են Եվրամիության համար», - հայտարարել է Իսպանիայի արտգործնախարարությունը եւ հավելել. - «Եվրամիությունը առանձնապես հետաքրքրված է Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմամբ, եվրոպական ընտանիքը ուշի-ուշով հետեւում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ Ղարաբաղում, Աբխազիայում եւ Հարավային Օսիայում տիրող իրավիճակին»։

«Հայ - թուրքական բանակցությունները այս այցի առանցքային թեմաներից մեկն են լինելու», - պնդում է «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպությունը, որը անցած տարվանից լոբբիստական աշխատանքներ է տանում Հայաստանը Բրյուսելին մերձեցնելու եւ երկկողմ կապերը ամրապնդելու ուղղությամբ։

«Իմ տեղեկություններով, Հայաստանի նախագահի եւ արտգործնախարարի հետ հանդիպումներում Եվրամիության պատվիրակությունը հիմնականում անդրադառնալու է հայ - թուրքական հաշտեցմանն ու գործընթացին նոր թափ հաղորդելու հնարավորությանը, քանի որ հենց դա է այս այցի առանցքային նպատակներից մեկը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց կազմակերպության նախագահ Մայքլ Քեմբեքը։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու քաղաքական ուժերի հետ բանակցություններից բացի, Եվրամիության բարձրաստիճան պատվիրակությունը կհանդիպի նաեւ Հայաստանի նախարարություններին եւ վարչական օղակներին խորհրդատվություններ տրամադրող եվրոպացի փորձագետներին։ Վերջիններս, Հայաստանի կառավարության խնդրանքով եւ Եվրամիության աջակցությամբ, արդեն շուրջ կես տարի է՝ աշխատում են Երեւանում եւ խորհրդատվություններ տրամադրում պետական կառույցներին՝ բարեփոխումներ իրականացնելու եւ առկա խնդիրները լուծելու ուղղությամբ։ Ծրագիրն իրականացվում է անցած տարի մեկնարկած Արեւելյան գործընկերության շրջանակներում, որի նպատակն է սերտացնել պաշտոնական Բրյուսելի հարաբերությունները նախկին խորհրդային վեց երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ:

«Հայաստանը ներկայումս միակ երկիրն է, որտեղ Եվրամիությունը նման ծրագիր է իրականացնում։ Նախկինում այդօրինակ խորհրդատվական խմբերը միայն Եվրամիությանը անդամակցության հայտ ներկայացրած երկրներում էին գործում։ Սա շատ հետաքրքիր ձեռնարկ է, եւ այժմ, այդ փորձագետների հետ Մորատինոսի հանդիպումը նպատակ ունի խթանել Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումները եւ է'լ ավելի ամրապնդել Հայաստան - Եվրամիություն հարաբերությունները», - ասաց «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության նախագահը։

Երեւանյան հանդիպումներից հետո Եվրամիության բարձրաստիճան պատվիրակությունը կայցելի նաեւ Վրաստան եւ Ադրբեջան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG