Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները Չեխիայում կազմակերպեցին Խոջալուի դեպքերի 18-րդ տարելիցին նվիրված միջոցառում


Խոջալուի դեպքերի 18-րդ տարելիցին նվիրված միջոցառումը Լիդիցեում, 26-ը փետրվարի, 2010թ.

Խոջալուի դեպքերի 18-րդ տարելիցին նվիրված միջոցառումը Լիդիցեում, 26-ը փետրվարի, 2010թ.

Ուրբաթ օրը աշխարհի տասնյակ երկրներում ադրբեջանցիները նշել են Խոջալուի իրադարձությունների 18-րդ տարելիցը։ Տարելիցը նշվեց նաեւ Չեխիայում` Լիդիցե ավանում, որը գերմանացի նացիստները ամբողջությամբ ավերել էին 1942 թվականին։

Լիդիցեում կայացած միջոցառմանը, որը տեղի ունեցավ Երկրորդ աշխարհամարտից հետո կառուցված հուշահամալիրում` անմար կրակի մոտ, ադրբեջանական կողմից մասնակցեցին Չեխիայում Ադրբեջանի դեսպան Թահիր Թաղիզադեն, Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Գյուլարա Ահմեդովան, Վահիդ Էլիեւը, որին ներկայացրեցին որպես «Խոջալուի գործկոմի նախագահի տեղակալ», Չեխիայում ադրբեջանական համայնքի ղեկավար Էլշան Նազարովը, Չեխիայում աշխատող եւ սովորող ադրբեջանցիներ։

Չեխական կողմը ներկայացնում էին Լիդիցեի քաղաքապետ Յոզեֆ Կլիման, Չեխիայի Սենատի անդամ Վլադիսլավ Կոուկալը, Լիդիցեի թանգարանի տնօրեն Միլոշ Չերվենցլը։

Միջոցառման մասնակիցները ծաղկեպսակ դրեցին Լիդիցեի զոհերի հուշարձանին։ Կարճ ելույթներով հանդես եկան դեսպանը, քաղաքապետը, թանգարանի տնօրենը։

Ապա ադրբեջանական համայնքը քաղաքապետ Կլիմային եւ Վահիդ Էլիեւին փոխանցեց ցուցանակներ, որոնցից մեկի վրա գրված էր «Լիդիցեի փողոց», մյուսի վրա` «Խոջալուի փողոց»։ Ըստ ադրբեջանական համայնքի ղեկավար Նազարովի, «այս ցուցանակները շուտով կտեղադրվեն երկու քաղաքներում»։

Նախօրեին ադրբեջանական լրատվական գործակալությունները հաղորդել էին, թե Լիդիցեն եւ Խոջալուն կդառնան քույր քաղաքներ, իսկ Լիդիցեում փողոցներից մեկին կտրվի «Խոջալու» անունը։ Ենթադրվում էր, որ համապատասխան պայմանագիրը կողմերի կկնքեն հենց փետրվարի 26-ին։ Ուրբաթ օրը, սակայն, նման բան տեղի չունեցավ։

Լիդիցեի քաղաքապետ Կլիման հավաստիացրեց, թե առաջիկա ամիսներին կողմերը համագործակցության պայմանագիր են ստորագրելու։

Ապա տեղի ունեցավ Խոջալուի թեմայով ֆոտոցուցահանդեսի բացում, ինչից հետո Լիդիցեի պատկերասրահում կազմակերպվեց քննարկում։

Չեխ վերլուծաբան Հելենա Մասնիկովան ներկայացրեց Խոջալուի իրադարձությունների այնպիսի մեկնաբանություն, որը ադրբեջանցիները մեծ ոգեւորությամբ ընդունեցին, սակայն բանախոսներից մեկը ափսոսանք հայտնեց, որ Մասնիկովան իր պատրաստած պաստառներում Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը չի վերցրել չակերտների մեջ։ Դժգոհ ադրբեջանցին ասաց. - «Նույնիսկ Հայաստանը դեռ չի ճանաչել Ղարաբաղը, դուք պարտավոր էիք «հանրապետություն» բառը դնել չակերտների մեջ»։

Չեխ լրագրող Դանա Մազալովան, մինչդեռ, ով պատերազմի տարիներին բազմիցս եղել է Հայաստանում, Ղարաբաղում եւ Ադրբեջանում, պնդեց, որ ադրբեջանական կողմը կեղծել է Խոջալուին վերաբերող տեսա- եւ ֆոտոնյութերը։ Նա պարզաբանեց, որ տեսել է Խոջալուի մասին միակ վավերագրական ժապավենը, որը նկարահանել է հետագայում զոհված օպերատոր Չինգիզ Մուսթաֆաեւը։

Ադրբեջանցիները Լիդիցեում Խոջալուի թեմայով առաջին միջոցառումն անցկացրել են 2007 թվականին։

Խոջալուի դեպքերի 18-րդ տարելիցին նվիրված միջոցառումները տեղի են ունեցել Հեյդար Ալիեւի հիմնադրամի հովանավորությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG