Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանում հայերի ջարդերին վերաբերող գործերի նյութերի էլեկտրոնային արխիվն ստեղծված է


1980-ականների վերջերին խորհրդային Ադրբեջանի տարածքում հայերի նկատմամբ իրականացված ջարդերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նյութերի հիման վրա էլեկտրոնային արխիվի ստեղծման աշխատանքները ավարտվել են:

Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղարի հաղորդագրության համաձայն, արխիվացվել են մի քանի տասնյակ հազար նյութեր՝ ականատեսների, տուժածների, նրանց հարազատների եւ իրավահաջորդների վկայությունները, իրեղեն ապացույց ճանաչված լուսանկարներ եւ այլ փաստաթղթեր: «Վկայությունները վերաբերում են, մասնավորապես, Սումգայիթում, Գետաշենում, Շահումյանում, Լեռնային Ղարաբաղի մի շարք տարածքներում այդ թվում Ադրբեջանի հատուկ ծառայությունների մասնակցությամբ իրականացված վայրագություններին, որոնք դրսեւորվել են սպանությունների, բռնաբարությունների, բռնությունների, հրկիզումների, ալան-թալանի տեսքով», - ասված է հաղորդագրությունում:

Ներկայումս ընթացքի մեջ է արխիվացված նյութերը Հայաստանի դատախազության ինտերնետային էջում տեղադրելու գործընթացը:
Նախատեսվում է, որ այդ աշխատանքները կավարտվեն 2-3 ամսվա ընթացքում, սակայն էջը հասարակության առավել լայն շրջանակների համար բաց է փետրվարի 26-ից, որտեղ ցանկացողները կարող են ծանոթանալ քրեական գործերի նյութերին:

Վկայություններն եւ ցուցմունքները տեղադրվում են մասնակի կրճատումներով: Մասնավորապես, ինչպես ասված է հաղորդագրությունում, «նկատի ունենալով, որ, ըստ վկայությունների, առանձին դեպքերում հայերին հաջողվել է փրկվել ադրբեջանցի կամ ռուս հարեւանների շնորհիվ եւ օգնությամբ, չեն հրապարակվում ականատեսների, մասնավորապես Սումգայիթի նախկին հայ բնակիչների հասցեները եւ նրանց օգնության ձեռք մեկնած ադրբեջանցիների անունները՝ վերջիններիս անվտանգությունից ելնելով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG