Մատչելիության հղումներ

Օբամայի վարչակազմը հրապարակային դիրքորոշում չի արտահայտում Հայոց ցեղասպանության բանաձեւի հարցով


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա եւ փոխնախագահ Ջո Բայդեն
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա եւ փոխնախագահ Ջո Բայդեն

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման բարդ կացության մեջ է հայտնվել, մինչ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը պատրաստվում է հաջորդ շաբաթ քվեարկության դնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը։

Հիշեցնելով, որ նախագահական քարոզարշավի ընթացքում թեկնածու Բարաք Օբաման խոստացել է 1915 թվականի իրադարձությունները ճանաչել որպես ցեղասպանություն, «Ասոշիեյթեդ փրես»-ը միաժամանակ նկատում է, որ Կոնգրեսի այդ բանաձեւը կարող է բացասական ազդեցություն ունենալ թուրք - ամերիկյան հարաբերությունների վրա։

«Միացյալ Նահանգների նախկին վարչակազմերը մինչ օրս հաջողել են խափանել նմանօրինակ բանաձեւերի ընդունումը՝ հրապարակային եւ կուլիսային բանակցություններում որպես պատճառ բերելով Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերը։ Նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը, սակայն, մինչ այս պահը հրապարակային դիրքորոշում չի արտահայտել շրջանառության մեջ դրված բանաձեւի առնչությամբ», - հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես»-ը։

Բանաձեւը առաջիկա հինգշաբթի քվեարկության է դրվելու Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որի ներկայացուցիչները՝ դեմոկրատ եւ հանրապետական օրենսդիրներ, պնդում են, որ Սպիտակ տունը քվեարկությանն ընդառաջ իրենց վրա որեւէ ճնշում չի գործադրում։

Այս հանձնաժողովում հավանության արժանանալու դեպքում բանաձեւը քվեարկության կդրվի Պալատի լիագումար նիստում։

Անդրադառնալով բանաձեւի նախագծին՝ Սպիտակ տան խոսնակ Մայք Համերը «Ասոշիեյթեդ փրես»-ին ասել է. - «Միացյալ Նահանգները շարունակում է հետաքրքված մնալ փաստերի ամբողջական, բաց եւ արդար ճանաչմամբ։ Մենք շարունակում ենք հավատալ, որ այդ նպատակին հասնելու համար հայ եւ թուրք ժողովուրդները պետք է անդրադառնան անցյալի փաստերին՝ ներկայումս հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի համատեքստում»։

Բուն բանաձեւի վերաբերյալ Սպիտակ տան դիրքորոշման շուրջ խոսնակը մանրամասներ չի հաղորդել։

Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպան Նամիք Թանը, մինչդեռ, հայտարարել է, թե Սպիտակ տան այդ լռությունը Թուրքիայի հասարակությունը կարող է դիտարկել որպես ճնշում պաշտոնական Անկարայի վրա՝ հայ - թուրքական արձանագրությունները վավերացնելու համար։

«Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ` փետրվարի 28-ից մինչեւ մարտի 6-ը ԱՄՆ է այցելելու թուրք խորհրդարանականների պատվիրակություն, որի նպատակն է խափանել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունումը ամերիկյան Կոնգրեսի կողմից:

Թուրքիա - ԱՄՆ միջխորհրդարանական բարեկամության խումբը` Սուաթ Քինիքլիօղլուի գլխավորությամբ, ծրագրում է ունենալ մի շարք հանդիպումներ եւ լոբբիստական գործունեություն ծավալել Կոնգրեսում շրջանառվող թիվ 252 բանաձեւ նախագծի դեմ, որի քվեարկությունը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նշանակված է մարտի 4-ին:

Քինիքլիօղլուն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, մասնավորապես, թե նման բանաձեւի ընդգրկումը օրակարգում «կարճատեսություն» էր եւ չի նպաստի Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Թուրք խորհրդարանականը ասել է նաեւ, թե հանդիպումներում ընդգծելու է թուրք - ամերիկյան հարաբերությունների ռազմավարական եւ երկարաժամկետ կարեւորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG