Մատչելիության հղումներ

Նախագահը կարեւորում է հարկահավաքության բնագավառում բացասական երեւույթների դեմ համակարգված պայքարը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը անհրաժեշտ է համարում հարկահավաքության բնագավառում բացասական երեւույթների դեմ համակարգված պայքարը: Այդ մասին նա հայտարարել է երեկ անցկացրած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են վարչապետը, նախագահի աշխատակազմի ղեկավարը, ֆինանսների եւ արդարադատության նախարարները, Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը, ոստիկանապետը, գլխավոր դատախազը, պետական եկամուտների կոմիտեի նախագահը, նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը, պաշտոնատար այլ անձինք:

Նախագահը շեշտել է, որ առկա խնդիրները լուծելու համար, ի թիվս այլ միջոցների, պետք է նաեւ սերտացնել միջգերատեսչական համագործակցությունը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը կարեւորել է ստվերային տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորությունները նվազեցնելու եւ տնտեսվարման գործընթացներում պատշաճ փաստաթղթաշրջանառություն ապահովելու անհրաժեշտությունը: Նա հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին եւ պահանջել ուժերի համադրման ճանապարհով բարձրացնել կեղծ ապրանքաշրջանառության, ապրանքային կեղծ փաստաթղթեր վաճառքի եւ նմանօրինակ արատավոր երեւույթների դեմ պայքարի արդյունավետությունը:

«Մենք իրավունք չունենք դադար տալու: Մենք խնդիր ունենք ոչ միայն չթողնել, որ նման երեւույթներն ավելանան, այլեւ` առավել կտրուկ քայլեր ձեռնարկել անցյալից եկող արատավոր շղթաների վերացման ուղղությամբ», - նշել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG