Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրների դեմ հարձակման առթիվ մեղադրանք է առաջադրվել 2 հոգու


Հայաստան -- Հարձակման ենթարկված ընդդիմադիր երիտասարդները հիվանդանոցում, 27-ը դեկտեմբերի, 2009թ. (Լուսանկարը՝ A1plus.am-ի)

Հայաստան -- Հարձակման ենթարկված ընդդիմադիր երիտասարդները հիվանդանոցում, 27-ը դեկտեմբերի, 2009թ. (Լուսանկարը՝ A1plus.am-ի)

Անցյալ տարվա դեկտեմբերի 27-ին թիվ 10 ընտրատարածքում նշանակված Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններում ընդդիմադիր թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավն իրականացնելիս Երեւանի Վարդանանց փողոցում ընդդիմադիր ակտիվիստների վրա հարձակման եւ ծեծի առիթով մեղադրանք է առաջադրվել Վահան Նադաղյանին եւ Դավիթ Սիմոնյանին:

«Նադալ» եւ «Կյաժ» մականունները կրող անձինք մեղադրվում են Քրեական օրենսգրքի 117–րդ եւ 118-րդ հոդվածների հատկանիշներով` դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը եւ ծեծը:

Սահմանված պատիժը տուգանքն է՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրհիսունապատիկի չափով կամ կալանքը` առավելագույնը երկու ամիս ժամկետով: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ գործը առաջիկայում կուղարկվի դատարան:

Դեկտեմբերյան միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբն ահազանգում էր, որ մոտ 25-30 երիտասարդներ այդ օրը հանկարծակի հարձակվել են իրենց ակտիվիստների վրա, ինչի հետեւանքով 5 հոգի տեղափոխվել էր հիվանդանոց։ Ընդդիմադիրները նաեւ հայտարարում էին, որ գործողությունները վերահսկել է Վահան Նադաղյանը:

Տուժող կողմը դժգոհ է առաջադրված մեղադրանքից, հիմնավորելով, որ կատարվածը ընտրական իրավունքի իրականացման խոչընդոտում էր, կամ՝ առնվազն խուլիգանություն, եւ նրանք պետք է մեղադրվեին այդ հոդվածներով. Քրեական օրենսգրքի 149 եւ 258 հոդվածներով, որոնցով նախատեսված պատիժն ավելի խիստ է։

Տուժող կողմի պաշտպան Ստեփան Ոսկանյանը դիմել է քննիչին` նախաքննությունը վերսկսելու եւ լիարժեք նախաքննություն իրականացնելու միջնորդությամբ։

«Քրեաիրավական ճիշտ որակում չի ստացել։ Բոլոր բացատրությունների ու ցուցմունքների մեջ նշվել է, որ այդ խումբը կատարել է նախընտրական քարոզչություն, եւ քարոզչությունը ունեցել է միակ նպատակ՝ խոչընդոտել նախընտրական քարոզչությանը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց ընտրություններում Նիկոլ Փաշինյանին աջակցող ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի պատասխանատու Արմեն Խաչատրյանը։
XS
SM
MD
LG