Մատչելիության հղումներ

Կառավարությունը մտադիր է կարգուկանոն հաստատել տոնավաճառներում


Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում հինգշաբթի օրը հայտարարեց, թե Հայաստանի կառավարությունը մտադիր է կարգուկանոն հաստատել տոնավաճառներում, եւ պետեկամուտների կոմիտեն առաջին հերթին պետք է հսկողություն սահմանի տոնավաճառների կազմակերպիչների կողմից օրենքի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ։

«Մեր երկրի առեւտրի գերակշիռ մասը ցույց են տալիս տոնավաճառների միջոցով, եւ սա անհանդուրժելի է։ Մենք չենք կարող խոշոր բիզնեսը բերել հարկային դաշտ, եթե մի մեծ խողովակ կա, որով նրանք շրջանցում են մեր օրենսդրությունը, եւ մենք պետք է հետեւողական լինենք այս հարցում», - նշեց վարչապետ Սարգսյանը։ - «Մեր ռազմավարությունը ենթադրում էր, որ բեռը մենք դնելու ենք տոնավաճառի կազմակերպիչների վրա։ Այդ պարագայում, կարծում եմ, որ մենք կստեղծենք բարենպաստ պայմաններ, որպեսզի տոնավաճառում աշխատող մեր քաղաքացիները, անհատ ձեռներեցները, չունենան դժգոհություն նաեւ մեզանից», - հավելեց Տիգրան Սարգսյանը։

Ըստ վարչապետի, «Վաղարշ եւ որդիներ» ոսկու տոնավաճառի օրինակը ցույց է տալիս, որ տնօրինությունը փորձում է բեռը տեղափոխել փոքր եւ միջին ձեռներեցների վրա, ինչը ընկած է այն բողոքների եւ դժգոհության հիմքում, որ առաջանում է տոնավաճառում աշխատողների կողմից։

«Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայում առեւտուր անող ձեռներեցներ այսօր եւս շարունակում էին անցած հինգշաբթի հայտարարված բողոքի ակցիան։ Անհատ ձեռներեցներից մեկը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե իրենք բողոքում են ոչ թե տոնավաճառի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի գործողությունների, այլ հարկային օրենսդրության դեմ։
«Իրենց այս հարկային նոր բեռով ստիպում են ինձ, որ ես իրենց խաբեմ», - դժգոհեց անհատ ձեռներեցը. - «Ես ուզում եմ իմ հարկը մուծեմ ու հանգիստ քնեմ»։

Ոսկու շուկայում առեւտուր անողները պահանջում են թույլ տալ իրենց աշխատել հաստատագրված վճարներով՝ ինչպես նախկինում։ Օրենսդրական փոփոխությունների արդյունքում հունվարի 1-ից նրանք հաստատագրված գումարների փոխարեն վճարելու են ամսական եկամտի 2 տոկոսը, իսկ վաճառվող ապրանքի օրինական ձեռքբերումը հավաստող հաշիվ-ապրանքագրի բացակայության դեպքում 2-տոկոս հարկին ավելանում է նաեւ հարկ՝ տարեկան եկամտի 11 տոկոսի չափով։

Ոսկու շուկաներում աշխատողները նաեւ դժգոհում են հարկային տեսուչների պահվածքից, պնդում են, որ Հարկային տեսչությունը անհիմն եւ անօրինական ստուգումներ է կատարում, պահանջում են կանոնակարգել ստուգումների գործընթացը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG