Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոն. «Սպառվել են միջազգային հանրության հնարավորությունները Իրանին համոզելու ճիշտ քայլ կատարել»


«Իրանի նկատմամբ կիրառվելիք նոր պատժամիջոցների փաթեթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության կդրվի առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում», - ելույթ ունենալով Սենատի արտաքին հարցերի հանձնաժողովում՝ չորեքշաբթի օրը հույս է հայտնել Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Քլինթոնի խոսքերով՝ «այժմ ԱՄՆ-ը միջազգային հանրության առավել մեծ աջակցություն ունի այդ հարցում»:

«Անգամ պատժամիջոցներին հակադրվող ուժերը այժմ մտքափոխվել են, մենք ունենք նաեւ նրանց աջակցությունը»,- Սենատի արտաքին հարցերի հանձնաժողովում հայտարարել է պետքարտուղարը:

Չինաստանը եւ Ռուսաստանի Դաշնությունը համարվում էին Թեհրանի դեմ պատժամիջոցների կիրառման ընդդիմախոսներ:

Հիլարի Քլինթոնը երեկվա հանդիպման ժամանակ շեշտել է. - «Վաշինգտոնին քաջալերել են նաեւ Ռուսաստանից ստացված դրական ազդակները»:

Պետքարտուղարը նաեւ խոսել է Չինաստանի դիրքորոշման մեղմացման մասին։

Ռուսաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի այն հինգ մշտական անդամներից է, ով նաեւ վետոի իրավունք ունի:

«Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված իր վերջին հարցազրույցում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Lավրովը հայտարարել էր. - «Մոսկվային անհանգստացնում է Իրանի այն պահվածքը, որով նա հրաժարվում է համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ՄԱԳԱՏԵ-ի հետ»:

«Ֆրանսպրես»-ի փոխանցմամբ, պաշտոնական Պեկինը հինգշաբթի օրը կրկին բարձրաձայնել է բանակցություններն Իրանի հետ շարունակելու մասին: Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը` վառելիք ստանալու խաղաղ նպատակներ ունի:

Այդուհանդերձ, Միացյալ Նահանգների պետքարտուղարի գնահատմամբ. - «Իրանի նկատմամբ պատժամիջոցների չորրորդ փուլը կկիրառվի, քանի որ վերջինը ի վիճակի չեղավ աշխարհին համոզելու, որ ինքը ոչ թե միջուկային զենք արտադրելու, այլ խաղաղ նպատակներ էր հետապնդում»:

Միացյալ Նահանգների պետքարտուղարը կարծում է, որ ողջ այս ընթացքում իրենք ցուցաբերել են համբերություն եւ սպառել են միջազգային հանրության հնարավորությունները Իրանին համոզելու ճիշտ քայլ կատարել՝ առանց պատժամիջոցների կիրառման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG