Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը «Մարդու օրգանների փոխպատվաստման մասին» օրենքի պահանջը «զավեշտալի» է համարում


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հինգշաբթի օրը հայտարարեց, թե «զավեշտալի» է «Մարդու օրգանների եւ հյուսվածքների փոխպատվաստման մասին» օրենքի պահանջը, համաձայն որի մարդը պետք է իր մահվանից առաջ դիմում գրի, որ իր օրգանները չօգտագործվեն։

«Մարդը պետք է տեղյակ լինի, որ առանց իրեն հարցնելու կարող են իր օրգանները օգտագործել, եւ նա պետք է նախօրոք գնա եւ գրի, որ հանկարծ եթե ինձ մի բան եղավ՝ իմ օրգանները չծախեք։ Սա իրոք արդեն զավեշտ է դառնում։ Ըստ էության [Հայաստանի] Սահմանադրությունը մեր իրականության հետ գնալով ավելի ու ավելի կապ չի ունենում, որովհետեւ Սահմանադրության մեջ խոսվում է մարդու արժանապատվության մասին», - դժգոհեց Արմեն Հարությունյանը։

Վկայակոչելով դատաիրավական եւ մի շարք այլ ոլորտներում առկա անարդարությունները՝ հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը օմբուդսմենը մտահոգություն արտահայտեց Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական պահանջն անտեսելու առնչությամբ։

Հայաստանի քաղաքացիների իրավունքների ոլորտում տիրող իրավիճակը Արմեն Հարությունյանը բնորոշեց այսպես. - «Փնթիություն է։ Ուրեմն՝ պետք է շարունակել պայքարը։ Եթե ձեզ թվում է, որ ժողովրդավարությունը այդպես հեշտ ձեւավորվում է՝ դա այդպես չէ»։

Լրագրողների խնդրանքով Արմեն Հարությունյանն արձագանքեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի երեկվա հայտարարությանը, թե «Մարտի 1»-ի 10 զոհերի սպանությունները չեն բացահայտվել, քանի որ հանրությունը նախաքննական մարմնին արդյունավետ օգնություն չի ցուցաբերել։

«Այնքան լավ է ասված, որ մեկնաբանելու կարիք չկա», - ասաց օմբուդսմենը՝ հավելելով. - «Մենք բոլորս էլ մեր գործունեության մեջ թերանում ենք, բայց մենք մեր մեջ ենք մեղավորությունը ման գալիս։ Միգուցե դատախազության գործունեությունը սպեցիֆիկա ունի, եւ այնտեղ հասարակությունն էլ է մեղավոր»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG