Մատչելիության հղումներ

Թուրքիայում արշավ է սկսվել Ստամբուլի փողոցներից մեկը Հրանտ Դինքի անվամբ կոչելու համար


Ստամբուլի փողոցները Հրանտ Դինքի հուղարկավորության ժամանակ, 23-ը փետրվարի, 2007թ.

Ստամբուլի փողոցները Հրանտ Դինքի հուղարկավորության ժամանակ, 23-ը փետրվարի, 2007թ.

Թուրքիայում արշավ է սկսվել Ստամբուլի փողոցներից մեկը Հրանտ Դինքի անվամբ կոչելու համար: Այս նախաձեռնությանը իրենց ստորագրություններով միացել Է գրեթե 2 հազար մարդ, այդ թվում նաեւ Թուրքիայում հայտնի մտավորականներ, սակայն քաղաքապետարանը արդեն երկու անգամ մերժել է նրանց խնդրանքը:

Արշավի կազմակերպիչները ասում են, որ իրենց համար ավելի կարեւոր է քաղաքացիների աջակցությունը, քան քաղաքապետարանի առարկությունը, եւ ձգտում են իրենց նախաձեռնությունը պաշտպանելու համար ավելի շատ ստորագրություններ հավաքել: Այդ նպատակով նրանք ինտերնետային կայք են բացել, որին հինգշաբթի օրվա դրությամբ արդեն միացել է 1800 մարդ:

«Խաղաղության մշակույթ» կոչվող այս արշավին միացողները պահանջում են Շիշլիի շրջանում գտնվող Էրգենեկոն փողոցը վերանվանել Հրանտ Դինքի փողոց:

2007 թվականի հունվարի 19-ին «Ակոս»-ի խմբագրապետի սպանությունից հետո այս փողոցի ցուցանակները փոփոխվել էին` Էրգենեկոնի փոխարեն մարդիկ փակցրել էին Հրանտ Դինքի անվամբ ցուցանակներ:

«Էրգենեկոն փողոցի անվան փոփոխությունը մեզ համար սիմվոլիկ նշանակություն ունի», - «Հյուրիեթ»-ին ասել է «Խաղաղության մշակույթ» նախաձեռնության խոսնակ Ռագըփ Ինջեսաղին:

Էրգենեկոնը Կենտրոնական Ասիայում գտնվող լեռնաշղթա է, որտեղից, լեգենդի համաձայն, թուրքերը շարժվել են դեպի Անատոլիա: Դա նաեւ վերջերս բացահայտված գործի անվանումն է, որի մասնակիցները կասկածվում են Թուրքիայում հեղաշրջում ծրագրելու համար: Հարուցված քրեական գործով ձերբակալվել են տասնյակ կասկածյալներ, այդ թվում` բարձրաստիճան զինվորականներ:

«Էրգենեկոնը միշտ եղել է խորհրդանշական անվանում, որն ասում է` յուրաքանչյուրն այստեղ թուրք է, եւ մյուսները կարող են ապրել միայն թուրքերի անվամբ կոչվող փողոցներում», - ասել է Ինջեսաղին` ավելացնելով, որ այդ քաղաքականությունը միայն հայերի դեմ չէ ուղղված, այլ նաեւ մահմեդականության ճյուղերից մեկի` ալեւիների դեմ, նաեւ քրդերի դեմ:

Արշավի կազմակերպիչները նաեւ կապ են տեսնում «Էրգենեկոն»-ի գործի ու Դինքի սպանության միջեւ:

Նախաձեռնության անդամներից` «Քարդեշ Թուրքուլեր» երաժշտական խմբի մենակատար Ֆերյալ Օնեյը թերթին ասել է, թե ինչպես շատերը` ինքը նույնպես կարծում է, որ Հրանտ Դինքի սպանությունը կատարվել է «Էրգենեկոն»-ի հանցագործների կողմից:

«Ճիշտ կլինի, որ փողոցի անվանումը փոխվի պաշտոնական մարմինների կողմից, բայց եթե չկարողանանք դրան հասնել, ապա կշարունակենք մեր արշավը հասարակության ընկալումը բարձրացնելու ուղղությամբ», - ասել է նախաձեռնության խոսնակը` հավելելով, թե հավատում են, որ հանրությունը ձեռնամուխ կլինի այդ գործին:

Շիշլիի թաղապետարանը Ստամբուլի քաղաքային իշխանություններին առաջին անգամ դիմել էր Շաֆաք փողոցը Հրանտ Դինքի անվամբ վերանվանելու խնդրանքով. Շաֆաք փողոցը խորհրդանշական է, որովհետեւ այստեղ է գտնվում «Ակոս»-ի խմբագրապետի տունը, այս փողոցի վրա է սպանվել Հրանտ Դինքը:

Ստամբուլի քաղաքային իշխանությունները մերժել են այս դիմումը` առանց քննարկելու քաղաքային խորհրդում: Քաղաքապետարանը պատճառաբանել է, թե փողոցի անվան փոփոխությունը խառնաշփոթ կստեղծի այդտեղ գտնվող գրասենյակների, ընկերությունների համար:

Ստամբուլի քաղաքապետարանի քարտեզագրման բաժնի ղեկավար Թայիբ Ուլգենը թերթին ասել է, թե վարչապետի հրահանգի համաձայն` նոր անուններով են կոչում այն փողոցները, որոնք անվանում չունեն, կամ էլ երբ փողոցը բաժանվում է երկու մասի: «Ըստ կանոնակարգի, մենք վերանվանելու իրավունք չունենք», - ասել է նա:

Բայց «Ակոս»-ի խմբագիր Արիս Նալջին «Հյուրիեթ»-ին ասել է, որ տեղական ինքնակառավարման մասին օրենսդրությունում 2007 թվականին կատարված փոփոխությունը հնարավորության է տալիս Շիշլիի շրջանի տեղական իշխանություններին փողոցի անվան փոփոխություն կատարել` առանց դիմելու Ստամբուլի քաղաքային իշխանություններին: Նա մի օրինակ է բերել, որ օրենսդրական փոփոխության շնորհիվ մեկ ուրիշ շրջանում տեղական իշխանությունը փողոցի անվան փոփոխություն է կատարել այն բանից հետո, երբ Ստամբուլի քաղաքային իշխանությունները երեք անգամ մերժել են խնդրանքը:

Շիշլիի թաղապետարանի մամուլի հարցերով պատասխանատու Ազիզ Օզհանը, այդուհանդերձ, հայտնել է, թե Շիշլիի շրջանի օրակարգում փողոցի անվանում փոփոխելու հարց չկա:

Ստամբուլում Հրանտ Դինքի անվամբ փողոց անվանակոչելու երկրորդ միջնորդությունը ներկայացրել էր քաղաքային խորհրդի անդամ Օզգեն Նաման: Նա Հանրապետական-ժողովրդական կուսակցությունից է, հարցը մտցրել է խորհրդի օրակարգ, բայց փետրվարի 9-ին այն մերժվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG