Մատչելիության հղումներ

Խորհրդարանը հավանություն տվեց «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում լրացում նախատեսող օրինագծին


Խորհրդարանը հինգշաբթի օրը ամբողջությամբ ընդունեց «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում լրացում նախատեսող օրինագիծը, որը, մասնավորապես, առնչվում է հայ-թուրքական արձանագրությունների դադարեցման հնարավորությանը։

Օրինագծի վերաբերյալ Ազգային ժողովում Հայ հեղափոխական դաշնակցության խմբակցության ներկայացրած մեկ տասնյակ առաջարկները մերժվեցին, եւ քանի որ հիմնական զեկուցող, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պարզաբանումները չբավարարեցին խմբակցությանը, ՀՅԴ-ն հայտարարեց, որ չի մասնակցելու քվեարկությանը։

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը դեմ քվեարկեց նախագծին։

Օրենքը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց 70 կողմ, 4 դեմ քվեներով։ Ձեռնպահ քվեարկողներ չկային։

Կառավարությունը «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ հանդես եկավ այն բանից հետո, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, անցյալ տարվա դեկտեմբերին արձագանքելով հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը Լեռնային Ղարաբաղի խնդրին շաղկապելու՝ Թուրքիայի փորձերին, հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է վավերացման գործընթացը, սակայն նախապատրաստվում է նաեւ արձանագրությունները չեղյալ հայտարարելու հնարավորությանը։
XS
SM
MD
LG