Մատչելիության հղումներ

logo-print

Գագիկ Շամշյանի նկատմամբ բռնության փաստով քրեական գործ է հարուցվել


«Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի նկատմամբ բռնության փաստով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Գագիկ Խաչիկյանի որոշմամբ քրեական գործ է հարուցվել:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Գագիկ Շամշյանը, գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի118 հոդվածով` «ծեծ», եւ 164 հոդվածի առաջին մասով` «լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը»:

Գործի քննությունը հանձնարարվել է Ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնին:

Հիշյալ հոդվածներով սահմանված ամենամեղմ պատիժը տուգանքն է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, ամենախիստը` երկու ամսվա կալանքը:

Չորեքշաբթի առավոտյան դատախազության շենքի առջեւ անհայտ անձը ձեռքի պայուսակով հարվածներ էր հասցրել «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի դեմքին, ապա հայհոյելով մուտք գործել գլխավոր դատախազություն:

Ֆոտոլրագրողը տեղափոխվել էր «Նաիրի» բժկական կենտրոն, որտեղ նրա մոտ ախտորոշվել է ականջաթաղանթի արյունազեղում։

Տեղի ունեցածի կապակցությամբ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հինգշաբթի օրը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, հավաստիացնում է, որ «դատախազությունը հետամուտ է լինելու միջադեպի բոլոր հանգամանքների պարզաբանմանը եւ մեղավոր անձանց գործողություններին համապատասխան իրավական գնահատական տալուն»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG