Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանները դիմում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ Անվտանգության խորհրդին


ՄԱԿ-ի կենտրոնակայանը Նյու Յորքում
ՄԱԿ-ի կենտրոնակայանը Նյու Յորքում

ՄԱԿ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները նամակներ են հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Անվտանգության խորհրդին` ներկայացնելով հայ - ադրբեջանական հակամարտության որոշ դրվագներ, ու փոխադարձաբար ծանր մեղադրանքներ են ներկայացրել մյուս կողմին: Ընդ որում, երկուսն էլ որպես ապացույցներ ներկայացել են նաեւ ժամանակին մյուս կողմից հաղորդված որոշ լուրեր կամ հատվածներ հարցազրույցներից:

Ադրբեջանի ներկայացուցիչ Ագշին Մեհթիեւը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հղած նամակում նշել է, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պատերազմի հետեւանքով Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը օկուպացվել է, բնակչության մեկ ութերորդ մասը փախստական կամ հարկադրաբար տեղահանված է դարձել, պատերազմի ընթացքում կատարվել են ծանր հանցագործություններ:

Դեսպանը գրել է Խոջալու դեպքերի մասին` ասելով, թե 1992 թվականի փետրվարին Խոջալուի ադրբեջանական բնակչության դեմ իրականացվել է արյունալի հանցագործություն: Նրա բերած տվյալներով` 600-ից ավելի մարդ է սպանվել, 400-ից ավելին հաշմանդամ է դարձել, 1200-ը գերի է ընկել: Մեհթիեւի պնդմամբ` Հայաստանը պատասխանատվություն է կրում այդ հանցագործության համար, եւ «հանցագործին պատժելը անհրաժեշտ է խաղաղություն ապահովելու, արդարությունը վերականգնելու համար»:

ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Նազարյանը Բան Կի-մունին նամակ է հղել Սումգայիթի եւ Բաքվի հայազգի բնակիչների դեմ իրականացված ջարդերի տարելիցի կապակցությամբ:

Նա նախ նշում է, որ Ադրբեջանը շարունակում է իրեն ներկայացնել որպես զոհ, աղավաղել փաստերը, այդ թվում` հենց ադրբեջանական աղբյուրների վկայակոչումները:

Նազարյանը մեջբերում է անում Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցից, որտեղ նա ասել էր, թե Ադրբեջանի ընդդիմությունն ու միլիցիան խոչընդոտել են Խոջալուի բնակչության դուրսբերմանը: The Helsinki Watch կազմակերպության 1992 թվականի զեկույցում էլ վկայակոչումներ կան, որ Ադրբեջանի միլիցիան կրակել է խաղաղ բնակչության վրա:

Ապա Հայաստանի ներկայացուցիչը անդրադառնում է 1988 թվականի փետրվարի վերջին Սումգայիթում տեղի ունեցած դեպքերին, դրանց հաջորդած` ադրբեջանական մյուս քաղաքներում հայազգի բնակչության ջարդերին, որոնց հետեւանքով, նշում է նա, կես միլիոն հայեր ենթարկվեցին էթնիկ բնաջնջման ու տեղահանման:

«Պետք է վերջնականապես ու մեկընդմիշտ պարզ դառնա, որ Ադրբեջանն է սկսել զինված ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի: Հայաստանը համոզված է, որ այս իրավիճակում լավագույն լուծումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի օրինական պահանջի վերականգնումն է` իրագործելու համար ազգերի ինքնորոշման անքակտելի իրավունքը», - ասված է նամակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG