Մատչելիության հղումներ

Էդուարդ Կոկոյտի. «Հարավային Օսիան անկախ պետություն է կառուցում»


Էդուարդ Կոկոյտի

Էդուարդ Կոկոյտի

Հարավային Օսիան պետք է կառուցի անկախ ու ազատ պետություն: «Ազատություն» ռադիոկայանի վերջերս բացված «Էխո Կավկազա» ռուսալեզու ծառայությանը տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է ինքնահռչակ հանրապետության ղեկավար Էդուարդ Կոկոյտին:

Թղթակցի հարցին, թե Հարավային Օսիայի ապագայի մասին ռուսաստանյան քննարկումներում ոմանք խոսում են Օսիայի միավորման հնարավորության, մյուսները` Հարավային Օսիայի որպես անկախ պետություն զարգանալու մասին, Էդուարդ Կոկոյտին պատասխանել է. - «Այդ կապացությամբ Հարավային Օսիան հանրաքվե է անցկացրել եւ բացարձակապես հստակ ու որոշակի արտահայտվել է: Հարավային Օսիան որպես անկախ պետություն ճանաչելը պատահական չէ, դա տրամաբանական է, եւ այսօր մենք պետք է կառուցենք անկախ ու ազատ պետություն»:

Նա երախտագիտություն է հայտնել Ռուսաստանին` ասելով, թե Ռուսաստանը իրենց հիմնական ռազմավարական գործընկերն է, եւ դա եղել է շատ դարերի ընթացքում:

«Այսօր Ռուսաստանը անում է ամենը, ինչ կարող է, որպեսզի Հարավային Օսիան ոտքի կանգնի որպես անկախ պետություն», - ասել է Հարավային Օսիայի ղեկավարը` շարունակելով. - «Իհարկե, այսօր շատ մարդիկ կան, որոնք ցանկանում են Ռուսաստանին մեղադրել ուրիշի տարածքները բռնազավթելու մեջ, բայց նման բան չկա, Ռուսաստանը մեզ հետ միջպետական հարաբերություններ է հաստատում, միջպետական համաձայնագրեր է ստորագրում: Իսկ այն երկրները, որոնք փորձում են բռնազավթել ուրիշի տարածքները, ինչպես սա Արեւմուտքում շատերն են ներկայացնում, երբեք այսպիսի բարձր մակարդակի միջպետական համաձայնագրեր չեն կնքում, խստորեն դրանք չեն իրականացնում»:

«Այնպես որ, մենք հիմա կառուցում ենք Հարավային Օսիա անկախ պետությունը», - ամփոփել է Էդուարդ Կոկոյտին:

Հարավային Օսիան Վրաստանից անջատվեց 2008 թվականի օգոստոսյան ռուս - վրացական կարճատեւ պատերազմի արդյունքում: Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը: Արեւմուտքը, միջազգային հանրությունը դա չի ընդունում, իսկ Վրաստանը հայտարարում է, որ Ռուսաստանը օկուպացրել է իր տարածքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG