Մատչելիության հղումներ

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հարձակման է ենթարկվել անհայտ անձի կողմից


Գագիկ Շամշյան
Գագիկ Շամշյան

Չորեքշաբթի առավոտյան դատախազության շենքի առջեւ անհայտ անձը ձեռքի պայուսակով հարվածներ է հասցրել «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի դեմքին, ապա հայհոյելով մուտք գործել գլխավոր դատախազություն:

Միջադեպը տեղի է ունեցել դատախազության հիմնական մուտքի առջեւ, որտեղ տեսախցիկներ են տեղակայված:

Գագիկ Շամշյանը դատախազություն էր եկել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ասուլիսին մասնակցելու նպատակով, եւ միջադեպից հետո, մասնակցելով ասուլիսին, ֆոտոլրագրողը գլխավոր դատախազին հարցրեց, թե արդյո՞ք կարող է հանցագործության մասին հաղորդագրություն ներկայացնել։

«Ոչ թե կարող եք, այլ ես, որպես գլխավոր դատախազ պահանջում եմ, որ դուք ներկայացնեք մեզ ձեր տեսանյութը եւ ձայնագրությունը, որպեսզի մենք հնարավորություն ունենանք պարզելու [հանգամանքները]», - արձագանքեց Աղվան Հովսեփյանը։

Ավելի ուշ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրությունից շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Նաիրի» բժկական կենտրոն՝ ուղեղի ցնցում նախնական ախտորոշմամբ։ Բժշկական կենտրոնում լրացուցիչ հետազոտությունից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Գագիկ Շամշյանը հայտնեց, որ ուղեղի ցնցում եւ գլխուղեղի վնասվածքներ չեն հայտնաբերվել, սակայն ախտորոշվել է ականջաթաղանթի արյունազեղում։

Ֆոտոլրագրողը նշեց, որ իր դեմ հարձակում գործած անձին դեմքով ճանաչում է՝ հավելելով. - «Ես այդ անձնավորությանը ճանաչում եմ, որովհետեւ տարբեր դատական նիստերում ինքը որպես քննչական մարմնի ներկայացուցիչ ներկա է եղել, բայց անունը չգիտեմ»։

Միջադեպի առնչությամբ հայաստանյան լրագրողական մի շարք կազմակերպություններ պատրաստվում են հանդես գալ հայտարարությամբ։
XS
SM
MD
LG