Մատչելիության հղումներ

Փիթեր Սեմնեբի. «Եվրամիությունը հույս ունի Հարավային Կովկասում սկսած գործընթացը ավարտել ընկերակցային համաձայնագրի կնքմամբ»


Փիթեր Սեմնեբին հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, արխիվ
Փիթեր Սեմնեբին հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, արխիվ

«Եվրամիությունը Հարավային Կովկասի երեք երկրներում սկսել է մի գործընթաց, որը հույս ունի ավարտին հասցնել ընկերակցային համաձայնագրի կնքմամբ», - «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին:

Եվրոպացի պաշտոնյայի խոսքերով` «սա նոր քայլ եւ առավել ամուր քաղաքական հարաբերություններ կնախանշի»: Եվրոպայի հետ նման համաձայնագրի կնքումը Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի համար նաեւ առեւտրի եւ մարդկանց տեղաշարժի ազատականացմանը կհանգեցնի:

Երբ առաջընթաց գրանցվի ընկերակցային համաձայնագրի կնքման բանակցությունների հարցում, եվրոպացի պաշտոնյայի գնահատմամբ, դա շոշափելի ազդեցություն կունենա ոչ միայն հարաբերությունների առավել մոտ լինելու, այլեւ տարաբնույթ ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու հարցում:

Իսկ Արեւելյան գործընկերության ծրագրին անդրադառնալով` Փիթեր Սեմնեբին ասել է, թե այդ հարցում դեռ «շատ գործ կա անելու»: Նրա խոսքերով` «գործընթացը բազմաթիվ բյուրոկրատական քայլեր է ենթադրում»:

Այդ ամենով հանդերձ, ըստ Սեմնեբիի, տարածաշրջանային խնդիրները եւս շարունակում են մնալ Եվրոպայի ուշադրության կենտրոնում: Դրանց անդրադառնալով` Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը խոսել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, հայ - թուրքական հաշտեցման, Վրաստանում ստեղծված բարդ իրավիճակի ազդեցության մասին:

Սեմնեբին հույս է հայտնել, թե տարածաշրջան իր այցի շրջանակներում քննարկման թեմա կդարձնի նաեւ օրենքի գերակայության, մարդու իրավունքների, մամուլի ազատության թեմաները:

Հարցին` ինչպե՞ս է գնահատում Ադրբեջանի «Մամուլի մասին» օրենքում կատարված վերջին փոփոխությունները, որոնց համաձայն` առանց իրավապահների թույլտվության դեպքի վայրում տեսաձայնագրություն անելը լրագրողներին արգելվում է, Սեմնեբին պատասխանել է. - «Դա մի հարց է, որը ոչ միայն ես եմ բարձրացրել, այլեւ` Եվրամիության մյուս ներկայացուցիչները»: Եվրոպացի պաշտոնյայի գնահատմամբ` կատարված փոփոխություններն իսկապես «խնդրահարույց» են:

Այս փոփոխությունները, ադրբեջանցի լրագրողների, մի շարք իրավապաշտպանների կարծիքով, վտանգում են խոսքի ազատությունը եւ այն սահմանափակելու եւս մեկ լծակ են: Ադրբեջանում նաեւ կարծիքներ են հնչում, թե օրենքի այս փոփոխությամբ հատկապես կվտանգվի հետաքննական լրագրությունը:

Փիթեր Սեմնեբին երեքշաբթի օրվանից Բաքվում է, նրա այցը երկօրյա է: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնի դարձավ դիվանագիտական աղբյուրներից, Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը Երեւան կայցելի մարտի 2-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG