Մատչելիության հղումներ

Հանրային խորհրդի հանձնաժողովի նախագահը արդարացված չի համարում գազի գնի նման բարձրացումը


Գազի գնի բարձրացման հարցում Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շատ ավելի մեծ տեղ է տալիս «ՀայՌուսգազարդ»-ի շահերին, քան երկրի ընդհանուր տնտեսական շահերին: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Նրա խոսքով` չնայած Ռոբերտ Նազարյանի գլխավորած հանձնաժողովը բնակչության համար նախատեսված մեկ խորանարդ մետր գազի գինը «ՀայՌուսգազարդ»-ի առաջարկած 136 դրամից իջեցնում է 132 դրամի (1000 խորանարդ մետը` շուրջ 350 դոլար), սակայն դա էլ է չհիմնավորված բարձր գին:

Ըստ Սաֆարյանի` «ՀայՌուսգազարդ»-ի այն հիմնավորումը, թե ինքը ներդրումներ է կատարել, ուստի ներկայումս նաեւ այդ պատճառով անհրաժեշտություն է առաջացել բարձրացնել գազի գինը, արդարացված չէ, քանի որ այդ ներդրումները ընկերությունը պետք է կատարեր իր շահույթի հաշվին, եւ այժմ «նրանք ցանկանում են մեկ տարում ետ վերադարձնել այդ ներդրումները»:

Հարցին, թե այդ դեպքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ինչո՞ւ է պատրաստվում նման գին հաստատել, Վազգեն Սաֆարյանը պատասխանեց. - «Հանձնաժողովն ունի իր պատկերացումներն այդ հարցի վերաբերյալ, եւ ինքը դրա համար պատասխանատու է իր կանոնադրության, իրեն հաստատող-նշանակողների առաջ»:

«Եթե պետությունը փորձում է արդյունաբերական երկիր դառնալ, սպառող երկրից դառնալ արտադրող երկիր, արդյունահանող երկիր, ուրեմն պետք է այնպիսի քաղաքականություն վարվի, որ էներգակիրները էական ազդեցություն չունենան տնտեսության հիմնական սեկտորի` արդյունաբերության վրա, որ մենք կարողանանք ավելի շատ ապրանքներ արտահանել, դրանք վաճառել եւ փակել արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը», - նշեց Սաֆարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG