Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազը հանձնարարել է վերահսկողություն իրականացնել Սարիբեկ Սուքիասյանի գործի նկատմամբ


Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան

Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Երեւան քաղաքի եւ Էրեբունի համայնքի դատախազներին հանձնարարել է անմիջական վերահսկողություն իրականացնել «Սիլ» կոնցեռնի համասեփականատեր Սարիբեկ Սուքիասյանի դեմ հարուցված քրեական գործի նկատմամբ, որպեսզի նախաքննության ընթացքում ապահովվի օրենքների ճիշտ ու անշեղ կատարումը եւ բոլոր ապացույցները ձեռք բերվեն օրենքով թույլատրելի սահմաններում:

Այս մասին գլխավոր դատախազը տեղեկացրեց չորեքշաբթի տեղի ունեցած կարճատեւ մամուլի ասուլիսում՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ինչպես է գնահատում է Սարիբեկ Սուքիասյանի դեմ ոստիկանության իրականացրած գործողությունները:

Սարիբեկ Սուքիասյանի փաստաբանները պնդում են, թե ոստիկանության գործողությունները անօրինական են, եւ իրենց պաշտպանյալի նկատմամբ իրականացվող հետապնդումների նպատակը «Բյուրեղ» գործարանը խլելն է:

Սուքիասյանների դեմ հարուցված քրեական գործից բացի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն անդրադարձավ նաեւ 7 տարվա ազատազրկման դատապարտված «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ համաներում կիրառելու խնդրին: Աղվան Հովսեփյանը ասաց, թե դա «արհեստականորեն բարձրացված հարց է», քանի որ դեռեւս գոյություն չունի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ:

«Մենք ունենք եւս 2 դատական ատյան. վերաքննիչ դատարան եւ վճռաբեկ դատարան։ Մենք դեռ չգիտենք, թե, ասենք, վերաքննիչ դատարանը ի՞նչ պատիժ կսահմանի Նիկոլ Փաշինյանի համար, կամ ի՞նչ դատավճիռ կկայացնի վճռաբեկ ատյանը։ Այն ժամանակ, երբ որ վերջնական պատիժ կնշանակվի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, կունենանք օրինական ուժի մեջ մտած դատավճիռ եւ վերջնական պատժաչափ, այդ ժամանակ կկիրառվի համաներման ակտը», - հայտարարեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG