Մատչելիության հղումներ

«Վրաստանը պետք է վերածվի դաշնային պետության»


Վրաստանի պետական դրոշը նախագահական նստավայրի տանիքին

Վրաստանի պետական դրոշը նախագահական նստավայրի տանիքին

«Վրաստանը պետք է վերածվի դաշնային պետության», - պնդում է Թբիլիսիում գործող ամենաազդեցիկ հասարակական կազմակերպություններից մեկի` «Ազատության ինստիտուտի» ղեկավար Lեւան Ռամիշվիլին:

«Ես կողմ եմ Վրաստանի դաշնային կառուցվածքին: Կարծում եմ, որ դա կնպաստի պետական իշխանության ավելի արդյունավետ կազմակերպմանը, կապահովի հակակշիռների եւ զսպող մեխանիզմների բալանսը: Վրաստանը պետք է դառնա սիմետրիկ դաշնություն, որտեղ բոլոր սուբյեկտները հավասար իրավունքներով օժտված կլինեն», - «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ զրույցում ասաց Ռամիշվիլինի, որի ղեկավարած կազմակերպությունը սերտ կապեր ունի վրացական իշխանությունների հետ:

Նրա խոսքերով` եթե գործող Սահմանադրությամբ ինքնավար կարգավիճակ ունեն միայն Աբխազիան եւ Աջարիան, ապա սահմանադրական բարեփոխումները կյանքի կոչելուց հետո նման կարգավիճակ կունենան դաշնային բոլոր միավորները:

Ռամիշվիլին, սակայն, չի հստակեցնում, թե ինչպես պետք է նոր կարգավիճակը առաջարկվի, օրինակ, Աբխազիային, որը արդեն 18 տարի չի վերահսկվում Վրաստանի կենտրոնական կառավարության կողմից: Բացի այդ, նա պնդում է, որ արդեն գոյություն ունեցող մարզերի սահմանների վերաձեւում չի լինի:

«Մեծացվելուն են մարզային իշխանությունների իրավունքները, ստեղծվելու են տարածաշրջանային խորհրդարաններ: Բացի այդ, մենք առաջարկում ենք վրացական խորհրդարանի կազմում Սենատ ստեղծել, որի անդամները կընտրվեն դաշնության սուբյեկտների կողմից», - նշեց Ռամիշվիլին:

«Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանի կարծիքով, սակայն, քիչ հավանական է, որ այս ծրագիրը կյանքի կոչվի:

«Եթե իրական դաշնություն լինի, ապա թե' Վրաստանի հայերի եւ թե' բուն Վրաստանի համար դա լավ կլինի: Սակայն ես կարծում եմ, որ այդ ծրագիրը չի իրականացվի, քանի որ վտանգ կա, որ կենտրոնական մարմինները կկորցնեն իրենց իշխանությունը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ստեփանյանը:

Ըստ նրա` այս նախաձեռնությունը առավելապես PR-ակցիա է հիշեցնում, որի հիմնական հասցեատերը Արեւմուտքի հանրային կարծիքն է:

Խոսելով մարզերի սահմանները փոփոխելու հավանականության մասին` Ստեփանյանը նշեց. - «Ջավախքի հայերը, ջավախահության առաջնորդները ցանկանում են, որ Ծալկայի շրջանը միանա Սամցխե-Ջավախք վարչական միավորին: Եթե մարդկանց կարծիքը հարցնեն, ապա հնարավոր է, որ սահմանների նման փոփոխություն լինի: Բայց ես գրեթե համոզված եմ, որ մարդկանց կարծիքը որեւէ մեկը չի հարցնի»:

«Ամեն դեպքում, վարչական սահմանների փոփոխությունը քիչ հավանական է», - ընդգծեց Ստեփանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG