Մատչելիության հղումներ

logo-print

Փետրվարի 24-ի մամուլ


«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Երեկ նաեւ Կոնգրեսի խոսնակ Լեւոն Զուրաբյանի շուրթերով հայտարարվեց, որ ՀԱԿ-ը պատրաստվում է արտահերթ ընտրությունների: Իհարկե, չի մանրամասնվել, թե ինչ ընտրությունների մասին է խոսքը, սակայն այն արտահայտությունից, թե շուտով իշխանությունն «ուղղակի ընկնելու է մեր գլխին», կարելի է եզրակացնել, որ խոսքը նախագահական ընտրությունների մասին է: Դժվար է ասել, թե ինչի վրա է կառուցված այս կանխատեսումը, եւ այն հայտարարությունները, թե իշխանության մեջ էլ են զգում իրենց մոտալուտ օրհասը, եւ խուճապային իրավիճակ է տիրում, որքանով են համապատասխանում իրականությանը: Բայց միայն այն փաստը, որ վերջին կես տարում խիստ պասիվացած Կոնգրեսը կրկին փորձում է վերագտնել իր նախկին ակտիվությունը եւ դերակատարում ստանձնել քաղաքական դաշտում, ողջունելի է: Չի կարող երկրի ընթացը ճիշտ լինել, եթե արմատական ընդդիմություն, որպես այդպիսին, չկա»:

«Կապիտալ»-ը գրում է. - « Հայաստանը շտապեց օր առաջ, բոլորից առաջ վավերացնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասին համաձայնագիրը: Եթե նախկինում` հոկտեմբերի 27-ին կամ մարտի 1-ին, միայն չապացուցված տեղեկություններով էր խոսվում ռուսաստանյան հատուկ ջոկատայինների ներկայության մասին, ապա այժմ յուրաքանչյուր ժողովրդական կամ ընդդիմադիր ընդվզում հնարավոր կլինի որակել որպես պետական օբյեկտների անվտանգության դեմ միտված գործողություն, կամ ծայրահեղականների ելույթներ կամ ցանկության դեպքում անգամ ահաբեկչական գործողության նախապատրաստում, եւ գործող իշխանության առաջին իսկ խնդրանքով ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերը, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, խորհրդարանների վավերացրած միջպետական համաձայնագրի հիման վրա կարձագանքեն մեր ներքին գործերին: Բացի այդ` Ռուսաստանի պահանջով թերեւս Հայաստանը ստիպված լինի օպերատիվ արձագանքման ուժերի կազմում հայկական զորախումբ գործուղել այլ թեժ կետեր: Այս պահին այդ կետերն են Օսիան, Աբխազիան, Չեչնիան, Դաղստանը, Տաջիկստան - Աֆղանստան սահմանը, նաեւ մի քանի հիպոթետիկ կետեր, որտեղ կուտակված է Ռուսաստանի հետ անտագոնիստական պոտենցիալ»:

Lragir.am-ի հետ զրույցում հասարակական գործիչ Ստեփան Դանիելյանը ասում է. - «Այսօր Հայաստանում ֆեոդալական համակարգի ռեստավրացիա է իրականացվում: Մենք ունենք տարածքային ֆեոդալներ, պետական տարբեր ինստիտուտները մարմնավորող ֆեոդալներ, ինչպես նաեւ տարբեր ապրանքատեսակների եւ ծառայությունների ֆեոդալներ: Ունենք ալյուրի իշխան, շաքարավազի իշխան, դատական համակարգի, դատախազության, մաքսային մարմինների իշխաններ ու կլաններ եւ այլն: Պետական ռեֆորմը պետք է վերացնի ֆեոդալական համակարգը: Նրանց պետք է փոխարինեն պետական ծառայողները, որոնք հաշվետու պետք է լինեն մեզ: Եթե ուշադրություն դարձնեք, կտեսնեք, որ կենտրոնական իշխանության ազդեցությունը գնալով սահմանափակվում է: Ֆեոդալներին փոխարինելն արդեն բարդ գործընթաց է: Մենք արդեն տեսնում ենք, թե ինչպես է վերակենդանանում մյուս` պատմությունից ժառանգված ինստիտուտը` եկեղեցին, որին արդեն ըստ ՀՌԱՀ նոր չափանիշների` նույնիսկ չի կարելի այլեւս քննադատել: Պետականության երրորդ պատմական թշնամին բարձր համամարդկային արժեքների մերժման մտայնությունն է, որոնք հակաազգային են հռչակվում: Իրականում այն ամենը, ինչը խթանում է զարգացմանը` պետք է համարվի ազգային: Մեզ մոտ ճիշտ հակառակն է»:

«Ժամանակ»-ի թղթակիցը ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանին հարցնում է. - «Ներկայումս հարկային բեռի ծանրացման դեմ բողոքում են թե' ոսկու շուկայի աշխատակիցները, թե' տաքսու վարորդները: Նրանց հարկային բեռն ավելացնելը պարտադրվա՞ծ քայլ է, թե՞...»: Պատասխան. - «Մի կողմից` բյուջեի համալրման հարց է դրված, բայց մյուս կողմից` կառավարությունը վարում է ամեն գնով խոշորացման քաղաքականություն, եւ մենաշնորհի տնտեսական մոդելը կարծես դուր է եկել որոշ մարդկանց, ովքեր ամեն գնով յուրաքանչյուր ոլորտում փորձում են մենաշնորհային դիրքեր նվաճել: Սա օլիգարխիայի երրորդ աստիճանն է, երբ արդեն փոքրամասնությունը իր սեփականության կենտրոնացվածության աստիճանով այնքան է հզորացել, որ վերջնականապես պլուտոկրատական համակարգին անցնելու համար նրանց անհրաժեշտ են նոր ռեսուրսներ, ուստի նրանք արդեն գործող շուկաներն են նվաճում: Կառավարությունը դա չի էլ թաքցնում եւ ԱԺ ներկայացվող գրեթե բոլոր նախագծերի ժամանակ պնդում է, որ դա բերելու է խոշորացման եւ «ի՞նչ վատ է որ, մենաշնորհն էլ է այդ ոլորտում կարեւոր ու անհրաժեշտ»: Սա մի քաղաքականություն է, որը հիմնվում է արատավոր թեզի վրա. ավելի լավ է ունենալ մենաշնորհային ոլորտ, քան թե չունենալ զարգացած սուբյեկտների համակարգ: Այսինքն` մենաշնորհ են ստեղծում, որ վերահսկելի լինեն ոլորտները»:

Հայ - թուրքական արձանագրությունների վավերացման վերաբերյալ Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը «Հայոց Աշխարհ»-ին ասել է. - « Փաստն այն է, որ Հայաստանն է նախաձեռնել այս գործընթացը, վերջին մեկուկես տարվա ընթացքում երբեք չի խուսափել պարտավորություններից, որ ստանձնել է արձանագրությունների նախաստորագրման պահին, եւ միջազգային հանրությունը դա տեսնում է։ Ինչպես մեր համագումարում նշեց նախագահ Սերժ Սարգսյանը, Հանրապետականի «այո»-ն այո է, «ոչ»-ը՝ ոչ, եւ սա այն հարցը չէ, որտեղ մենք օրումեջ կարող ենք դիրքորոշում փոխել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG